Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է. «Ուրեմն իմ պաշտոնավարման ավարտից անմիջապես հետո` այս 2 օրը, որոշ մանրախնդիր մարդիկ երկրի գործադիր իշխանության ղեկավարի աշխատակազմի մակարդակով զբաղված են երկրի համար «կարեւորագույն գործով»: Պարզվում է` Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջի գաղտնաբառեր են որոնում, իբր «պետական միջոցներով զարգացրած էջը չի վերադարձվում»: Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքն ու Ֆեյսբուքի էջն էլ, երկրի արդիական հարցերը թողած, այս հարցը համարելով ֆունդամենտալ կարեւորության, սկսեց առաջինը հրապարակումներ անել` բացահայտ ցույց տալով իր քաղաքական կողմնորոշումը: Դրան էլ հաջորդեցին ուղղորդված կեղծ էջերից արշավները ծայրահեղ վիրավորանքներով ու ատելությամբ:
Այս մանրախնդիր հարցին ես չէի անդրադառնա, եթե չլիներ սկսված արշավը հանրային լայն ռեսուրսների ներգրավմամբ: Երբ ստանձնել եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջը չի եղել առհասարակ. ինձանից առաջ պաշտոնավարած Մարդու իրավունքների պաշտպանն ամբողջությամբ փակել էր բոլոր էջերը կամ «տարել» իր հետ:
Քանի որ ինքս կարեւորում եմ կոնկրետ գործ անելն ու նման մանր հարցերի ուշադրություն չեմ դարձնում, առանց որեւէ ձայն անգամ բարձրացնելու կամ անգամ որեւէ մեկի այդ մասին ասելու, բացել ենք նոր էջ, որը հետագայում զարգացվել է բացառապես իմ անձնական միջոցներով:
Ինքս Ֆեյսբուքի տեխնիկական լուծումներին կամ հարցերին չեմ տիրապետում: Դրանից բացի, քանի որ էջը մի քանի ադմին է ունեցել, թյուրիմացաբար էջում կատարվել են փոփոխություններ, որոնք լրացուցիչ մի քանի ժամանակատար խնդիր էին առաջ բերել: Բացի այդ, խնդիր էր առաջացել իմ ինստագրամյան անձնական էջը Ֆեյսբուքից առանձնացելու հարցում: Այս ամենի մասին տեղեկացրել էի նաեւ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին: Ինչեւէ, մենք երկուսով այս փոքր հարցը քննարկել ու վաղուց ամուր փակել ենք:
Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է. մի քանի օր է, ինչ վարչապետի աշխատակազմով, Հանրային հեռուստաընկերությունով, կառավարող կուսակցությունով լծվել են այս էժան թեմայի զարգացմանը: Բայց դա էլ հատուկ անում են այնպես, որ մտադրված վնաս են տալիս Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը քաղաքական շահերի համար: Բավական չէ՞ դուք Ֆեյսբուքում ապրեք: Բա գործ արեք, թե՞ չի ստացվում գործ անելն, ու վիրտուալ իրականությունը կոմֆորտ է. գործի պատասխանատվությունից հեռու է պահում:
Ֆեյսբուքով երկիր կառավարելով` աղետի առաջ եք կանգնեցրել մի ողջ ժողովրդի, իրական վտանգի տակ եք դրել մեր պետականությունն ու անվտանգությունը: Գնալով ավելի եմ համոզվում, որ մեր պետությունում պատասխանատու պաշտոններ որոշ զբաղեցնողների կյանքի առաքելությունը ոչ թե հայրենիքի պաշտպանությունն է ու պետության անվտանգությունը, սահմանային բնակավայրերում, գյուղերում ապրող մարդկանց վիճակը, այլ Ֆեյսբուքի էջերն ու լայքերը եւ վիրտուալ կոմֆորտ իրականությունը:
Որպեսզի երկրի գործադիր իշխանության ղեկավարի աշխատակազմում հանգիստ լինեն, տեղեկացնում եմ, որ հենց փետրվարի 24-ին են փոխանցվել Թվիթերի պաշտոնական էջը, ֆեյսբուքյան խմբերը, կփոխանցվի նաեւ Ֆեյսբուքի գլխավոր պաշտոնական էջը»։
ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՌԴ գլխավոր դատախազության կողմից 2022թ. փետրվար ամսվա ընթացքում ստեղծվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից քրեական տարբեր գործերով որպես մեղարդյալ ներգրավված եւ հետախուզման մեջ գտնվող ՀՀ երկու քաղաքացիներին Հայաստանին հանձնելու իրավական հիմքերը: Մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազությունը 07.02.2022թ. բավարարել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ա.Գ.-ին, իսկ 15.02.2022թ.՝ Հ.Ա.-ին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունները: Նշված անձանցից առաջինը հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով, իսկ երկրորդը՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձ կատարելու: ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ապահովել վերջիններիս տեղափոխումը հանձնելու մասին որոշումներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: 2021թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ռուսական կողմին ներկայացվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձանց հանձնելու մասին 21 միջնորդություն, որոնցից ՌԴ դատախազության կողմից արդեն իսկ բավարարվել է 14-ը:
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՀՀ ոստիկանության եւ Քննչական կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցները պարզել են փետրվարի 27-ին Գյումրիում Գյումրու բնակիչ Վ. Հարությունյանի սպանության դեպքի որոշ մանրամասներ։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիգրանյան փողոցի 100 հասցեի դիմաց Գյումրու բնակիչներ, 28-ամյա Աշոտ Տրդատյանը, 25-ամյա Կարեն Տրդատյանը եւ 30-ամյա Հրաչ Մալխասյանը վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկել Վ. Հարությունյանին, որի ընթացքում Հ. Մալխասյանը դանակով հարվածել է Վ Հարությունյանին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։ Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալներ Ա., Կ. Տրդատյաններին եւ Հ. Մալխասյանին եւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ։
ԹՄՐԱՆՅՈՒԹ՝ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ
Մեղրի-Ալվանք ճանապարհին Մեղրիի քրեական հետախույզները կանգնեցրել են «Պաջերո» մակնիշի մի մեքենա: Հիմնավոր կասկած է եղել, որ Ագարակ քաղաքի բնակիչ, 43-ամյա վարորդը թմրանյութ ունի: Զննությամբ հայտնաբերվել են փաթեթներ՝ լցված 3720 տուփ իրանական ծխախոտով, նաեւ մեկ թափանցիկ տոպրակ՝ մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգվածով: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ բերման ենթարկված վարորդը խոստովանել է, որ ծխախոտն ու թմրանյութն իրենն են, այն իրանական կողմից սահմանի այս կողմն էր նետել իր ծանոթը: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
ԿՐԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու եւ ավելի աձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ դեպքի առիթով հարուցված քրեական գործը։ «ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել փետրվարի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու եւ ավելի աձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դեռեւս չպարզված հրազենից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքի քարահանքում հանքափորային աշխատանքներ իրականացնող «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊԸ-ի երեք աշխատակիցների ուղղությամբ կրակահերթեր արձակելու, սակայն վերջիններիս թաքնվելու պատճառով իրենց կամքից անկախ հանգամանքներում դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից։
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ «ԵՌԱԲԼՈՒՐ»-ՈՒՄ
Փետրվարի 26-ին ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ վաշտի ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 57-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 2 ծալովի դանակ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Տղամարդը հայտնել է, որ պանթեոնից փորձել է գողանալ գազի գլանանոթ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նա նաեւ հայտնել է, որ փետրվարի 8-ին պանթեոնից գողացել է մետաղյա ծաղկաման: 57-ամյա տղամարդը, նախապատրաստված նյութերով հանդերձ, ներկայացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն: