Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ռուբլին արժեզրկված է: Ըստ Rate.am կայքի՝ որոշ ժամերի ռուբլին միջինը կարելի է ձեռք բերել 3-3.30 դրամով։ Երեկ առավոտյան ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ է կազմել, վաճառքինը՝ 5 դրամի սահմաններում։ ArmLur.am-ը տնտեսագետ Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց, թե ինչպես կանդրադառնա ռուբլու արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա:
«Հնարավոր է՝ մոտ ապագայում ռուբլին ավելի արժեզրկվի կամ, հակառակը, արժեւորվի, այսինքն՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կարողանա որոշակի ստաբիլիզացնել, որովհետեւ ունի բավականին գումարներ կուտակած, մոտ 630 մլրդ դոլար՝ ոսկի եւ փող, որոնք զուտ ֆինանսական ռեսուրս են եւ կարող են որպես ստաբիլազցիոն ֆոնդ օգտագործվել: Բայց եթե այսօրվա տրամաբանությամբ նայենք, ապա մեր արտահանողներն են առաջինը տուժելու, որովհետեւ իրենք ապրանքն արտահանելու են ու դրա դիմաց ստանալու են արժեզրկված ռուբլի, որը բերելու են այստեղ փոխանակեն եւ ստանան ավելի փոքր դրամական զանգված: Չեն կարողանալու ծախսերը ապահովել, հարկերը վճարել, աշխատավարձ տալ եւ եկամուտ ունենալ: Այսինքն՝ իրենց եկամտաբերությունը կարող է կտրուկ նվազել, որոնք կարող են չդիմանալ եւ չմտակարարել, շուկայից դուրս գան»:
Բայց, մյուս կողմից, մասնագետի խոսքով՝ ներմուծման ոլորտում կարող է Հայաստանը շահել. ներմուծողները ավելի քիչ կվճարեն ռուբլի եւ այդպես ներմուծումներ կկատարեն: «Ուղղակի պետք է նայենք եւ տեսնենք, թե Ռուսաստանից ինչ ենք ներմուծում եւ հատկապես որ ապրանքները՝ ռուսական արտադրության երշիկեղեն, կարագ, ձեթ: Այս ոլորտում կշահենք: Մեր արտաքին առեւտրի մեջ, որը կազմում է 2.6 մլրդ դրամ, մոտավորապես 900 մլն դոլարը մեր արտահանումն է: 900 մլն դոլարին համապատասխան գործարքում մեր արտահանումը կտուժի, բայց ներմուծումը կշահի»,- նկատեց մասնագետը:
Մեր զրուցակցի խոսքով՝ չի բացառվում, որ առաջիկայում ռուբլին արժեզրկվի՝ հասնելով 1.5 դրամ, ապա արժեւորվի եւ 5 դրամի շուրջը կանգնի. «Այն այդքան էլ հարմար թիվ չէ, բայց դրանից ավել չավելանա, որովհետեւ ռուսական բանկը, այնուամնեյնիվ, եթե ստաբիլիզացիոն գումարներ բաց թողնի, միեւնույնն է, բոլոր դեպքերում սանկցիաների պատճառով իր մոտ որոշակի տնտեսական դժվարություններ կմնա, դրանք չեն վերանա եւ կազդեն որոշակիորեն»: Բայց սա դեռ ամենը չէ: Տնտեսագետը կարծում է, որ այս դեպքում Հայաստանի տնտեսության համար ամենամեծ վնաս կկրի տրանսֆերտների բլոկը: «Իմ կարծիքով՝ շատ կտուժի, դա ավելի մեծ գումար է, քան արտահանման ծավալները, եւ միգրանտների խնդիրը կսրվի: Ռուբլու արժեզրկման ազդեցությունը կընկնի տրանսֆերտների վրա. քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքներին գումարներ են ուղարկում, նույն տրանսֆերտները կփորձեն անել նույն ռուբլիով: Ենթադրենք 10 հազար ռուբլի են ուղարկում, բայց այդ 10 հազար ռուբլին կդառնա ոչ թե նախկին 7 դրամով հաշված, այլ 3-5.5 դրամ, այսինքն՝ այն ծախսերը, որոնք մարդիկ իրենց ընտանիքների համար են անում՝ բուժման, կեցության, առողջապահական, կրթության խնդիրների համար, չեն կարող ապահովել: Այսինքն՝ կհայտնվեն աղքատության մեջ»,- կանխատեսեց մասնագետը:
Ստեղծված իրավիճակի երրորդ վնասակար կողմը կարող է լինել այն, որ այդ դժվարության պատճառով մեր միգրանտները վերադառնան Հայաստան: «Այսինքն՝ ձեռնտու չլինի այնտեղ մնալը, աշխատելը՝ գումարած այն, որ իրենք Ռուսաստանում պետք է սնվեն, իրենց կեցությունն ապահովեն, կամ այնտեղ աշխատատեղեր փակվեն, ապա հետ կվերադառնան Հայաստան»,- նշեց Գագիկ Մակարյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի մի քանի գյուղեր մայիսի 12-ից հետո, երբ ադրբեջանցիները առաջխաղացում ունեցան Սեւ լճի ուղղությամբ, զրկվել են ոռոգման եւ խմելու ջրից: Այս մասին հայտնել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Ըստ համայնքապետի՝ խնդիրն առկա է համայնքի 18 գյուղերից վեցում. որոշ գյուղեր՝ մասնակի, որոշներն էլ ամբողջությամբ կորցրել են իրենց ջրի աղբյուրները: «Կութ, Սոթք եւ Ազատ գյուղերի ջրաղբյուրները շատ մոտ են ադրբեջանական ուժերի տեղակայած դիրքերին: Ջաղացաձոր գյուղի ջրաղբյուրները, որոնք սկիզբ էին առնում Այրքից, մասամբ անցել են թշնամու տիրապետության տակ: Նորաբակի եւ Գեղամաբակի բոլոր ջրաղբյուրներն ամբողջությամբ են հայտնվել ադրբեջանցիների մոտ»,- ասել է Ավետյանը: Համայնքապետը նշել է, որ ջրից զրկված գյուղերի բնակիչներն ամեն օր հարեւան գյուղերից են ջուր բերում. «Այն ջրի աղբյուրներից, որոնք մասնակի են անցել ադրբեջանցիների մոտ, օգտվել, բնականաբար, չենք կարող, որովեհտեւ կա վտանգ, որ իրենք կարող են թունավորել ջուրը: Մենք ստեղծված խնդրով բազմիցս դիմել ենք մարզպետարան ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, սակայն այլընտրանք դեռեւս մշակված չէ»,- ընդգծել է Հ. Ավետյանը: Նրա խոսքով՝ մայիսի 12-ից հետո ջրի խնդիրը միակը չէ, որին բախվել են գյուղերի բնակիչները: Շատ գյուղացիներ կորցրել են իրենց արոտավայրերը, որոնցից շատերում ներդրումներ էին արված: «Մեր ոչ բոլոր բնակիչներ են հարմարվում այս իրավիճակին: Գրեթե բոլոր գյուղերում կան ընտանիքներ, որոնք տեղափոխվել են Երեւան կամ արտագաղթել Ռուսաստան»,- հավելել է Ավետյանը:
ԱՐՑԱԽՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ եւ մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Վերջին օրերին արցախաադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի մտահոգություն են առաջացրել արցախցիների շրջանում: Ադրբեջանի կողմից տարբեր մեթոդների կիրառմամբ հոգեբանական գրոհը թեեւ ինքնին մտահոգիչ է, այդուհանդերձ ինչպես Արցախի բնակիչները, այնպես էլ պետական մարմինները առավելապես պետք է աշխատեն անվտանգության իրական ու առարկայական բաղադրիչները բարելավելու ուղղությամբ: Այդ առումով ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է բոլոր միջոցները Խրամորթ եւ այլ համայնքներում բնակչության կյանքն ու առողջությունը հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու եւ անվտանգային կայուն ու հուսալի համակարգ ձեւավորելու ուղղությամբ:
Ծառայությունը բանակցում է նաեւ ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական գրոհի գործիքները բացառելու համար:
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ
Կառավարության սուբվենցիոն ծրագրով Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ մեկնարկել են Բերդ խոշոր համայնքի Բերդ քաղաքի եւ սահմանամերձ Արծվաբերդ գյուղի ներհամայնքային ճանապարհների հիմնովին վերանորոգման եւ սալիկապատման աշխատանքները: Բերդի համայնքապետարանից տեղեկացա, որ ծրագրի արժեքը 394 միլիոն 357 հազար 862 դրամ է, որից պետական բյուջեի ներդրումը կազմում է 276 միլիոն 50 հազար 503 դրամ (ծրագրի արժեքի 70%-ը), Բերդի համայնքապետարանի ներդրումը՝ 118 միլիոն 307 հազար 359 դրամ (ծրագրի արժեքի 30%-ը): Ներկայումս աշխատանքներ են ընթանում Բերդ քաղաքի Գարեգին Նժդեհ եւ Հ. Ադամյան փողոցներում: Ծրագրով նախատեսված է հիմնովին վերանորոգել, սալիկապատել Բերդ քաղաքի Հ. Ադամյան փողոցը, որի երկարությունը կազմում 250 մ, լայնությունը՝ 6մ է: Ճանապարհը վերանորոգվելու է ամբողջությամբ: Քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում նախատեսվում է վերանորոգել 760 մ երկարությամբ, 6մ լայնությամբ ճանապարհահատված: Ստեփանյան փողոցում նախատեսվում է վերանորոգել 250 մ երկարությամբ, 6մ լայնությամբ ճանապարհահատված: Ծրագրի շրջանակում կվերանորոգվի նաեւ Բերդ քաղաքի Զորավար Անդրանիկ-Խորենացի խաչմերուկը, կիրականացվեն Բերդի Խորենացի 27 բ բազմաբնակարան շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ: Բերդում կկառուցվի միջինը 1.5 մ բարձրությամբ, 0.5 մ լայնությամբ, 80 մ երկարությամբ հենապատ: Կկատարվեն Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 450 մ երկարությամբ ջրահեռացման համակարգի հիմնովին վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգվող բոլոր ճանապարհներին կից կկառուցվեն ջրահեռացման համակարգեր: Ծրագրի շրջանակում հիմնովին կվերանորոգվի եւ կսալիկապատվի Արծվաբերդ բնակավայրի 13 փողոցի 200 երկարությամբ, 6մ լայնությամբ ճանապարհահատված, որը հարում է գյուղի դպրոցի շենքին:
ՔԱՆԴՈՒՄ ԵՆ
Վերջին օրերին Այրում քաղաքում ապամոնտաժվում եւ հեռացվում են դեռեւս խորհրդային տարիներից մնացած անշուք, հնամաշ փայտե փոքր տնակները: Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնեցին, որ շուտով կսկսվեն համայնքի Այրում բնակավայրի փողոցների բարեկարգման եւ կանաչապատման գարնանային աշխատանքները:
ԳՈՂԱՑԵԼ Է
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Արմեն Թամրազյանի դատավարությունը։ Նա մեղադրվում է այն բանում, որ 2021թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Հաղարծին գյուղի բնակչուհի Սիրամարգ Ենգիբարյանի տան նկուղ եւ հափշտակել ընդհանուր 90 հազար դրամ արժողությամբ տնական օղի։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ