ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2022 թվականի փետրվարի 18-ի 05-Լ հրամանով հաստատվել է «Հանրակրթական հիմնական, ընդհանուր եւ այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձեւավորման ու գործունեության եւ ուսումնական նախագծերի իրականացման կարգը»: Կարգով սահմանվում է, որ ուսումնական խմբակներն իրականացվում են՝ համաձայն հանրակրթության պետական չափորոշչի, գիտության, արվեստի, զբոսաշրջության, հայրենագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ այլ ոլորտների վերաբերյալ արտադասարանական ուսումնառության եւ ժամանցի կազմակերպման նպատակով: Խմբակներ կարող են ձեւավորվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ, ինչպես նաեւ հաստատության տնօրենի հրամանով` մանկավարժական խորհրդի որոշմամբ կամ ծնողների առաջարկությամբ: Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ սահմանվում են առողջ ապրելակերպի խմբակն ու մասնագիտական կողմնորոշման ակումբը։

 

Խմբակների վերահսկողությունն իրականացնում է դպրոցի տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը:

Խմբակը ձեւավորվում է (տարիֆիկացվում է), եթե ծրագիրը հաստատվել է տնօրենի կողմից, եւ առնվազն 8 սովորող դրանում ընդգրկվելու ցանկություն է հայտնել։

Խմբակի ստեղծումը, ղեկավարի նշանակումը եւ սովորողների կազմը հաստատվում են դպրոցի տնօրենի հրամանով։

Տիպային եւ հեղինակային ծրագիր

Խմբակի ծրագիրը կարող է լինել տիպային՝ մշակված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից, եւ հեղինակային՝ մշակված որեւէ կազմակերպության կամ որոշակի խմբի կողմից: Ե՛վ տիպային, եւ՛ հեղինակային ծրագրերը երաշխավորվում են նախարարության կողմից: Ծրագրում ներառվում են խմբակի նպատակը, խնդիրները, ակնկալվող վերջնարդյունքները, հատկացվող ընդհանուր ժամաքանակը եւ բովանդակությունը: Խմբակի ծրագիրը չի կարող կրկնել առարկայական չափորոշիչներով եւ ծրագրերով սահմանված բովանդակությունը:

Ուսումնական նախագծերն իրականացվում են 7-12-րդ դասարաներում:

Նախագիծը առանձին սովորողների կամ սովորողների փոքր խմբի կողմից որեւէ ուսումնական առարկայի կամ ուսումնասիրվող որեւէ երեւույթի (օբյեկտի) վերաբերյալ իրականացվող առարկայական կամ միջառարկայական հետազոտական աշխատանքն է՝ նվիրված օրինաչափություններին, առանձնահատկությունների հետազոտությանը, արդյունքների ստացմանը եւ եզրակացությունների արձանագրմանը:

Նախագիծը կարող է իրականացվել ինչպես մեկ, այնպես էլ տարբեր ուսումնական առարկաներից եւ հետազոտության մեթոդների համադրմամբ: Նախագիծն իրականացվում է ուսուցչի կողմից մշակված, համապատասխան առարկայական մեթոդմիավորման կողմից հավանության արժանացած, տնօրենի կողմից հաստատված պլանի հիման վրա: Ուսումնական պլանի դպրոցական (ընտրովի) բաղադրիչից նախագծի իրականացման համար տրամադրվում է տարիֆիկացված ժամաքանակ: Միջառարկայական նախագծի դեպքում տարիֆիկացվում են բոլոր առարկաներից մասնակցող ուսուցիչներին տրվող ժամաքանակները՝ մասնակցության տեւողությանը համապատասխան։ Նախագիծն ավարտելուց հետո աշակերտն այն պաշտպանում է նախագիծը ղեկավարած ուսուցչի մոտ, իսկ միջառարկայական նախագծերի դեպքում՝ համապատասխան առարկաների ուսուցիչներից ձեւավորված հանձնաժողովի մոտ:

Նախագծերի իրականացումը վերահսկում է դպրոցի տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալը:

Ն. Պ.

 

 

 

 

 

Արձակուրդների օրերը հայտնի են

Գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 21-ից։ Առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդները կսկսեն մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների արձակուրդը տրվում է մարտի 21-ից 27-ը ներառյալ:

 

 

139 ՆՈՐ ԴԵՊՔ

ՀՀ-ում փետրվարի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 139 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 419832 դեպքի: Այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 894 588: Փաստացի այս պահին բուժվում է 8088 պացիենտ: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 401 677 անձ, վերջին մեկ օրում՝ 837 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8461 է:

 




Լրահոս