«ԳԱՐՈՒՆ Ա» ՖԻԼՄԻ ԵՎ ԻՐ ԿԵՐՊԱՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ մարտի 1-ին ՝ գարնան առաջին օրը, էկրան կբարձրանա «Գարուն ա…» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը: «Գարուն ա…»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով:

 

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը, մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։

Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լեւոն  Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի եւ այլք։

ArmLur.am-ը զրուցել է դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ: Դերասանուհին ֆիլմում առաջարկը ստացել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանից եւ դերասան Ալեքսանդր Խաչատրյանից. վերջինս ոչ միայն ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին է կերպավորել, այլեւ ֆիլմի պրոդյուսերն է:

-Մարջա՛ն, կներկայացնե՞ք Ձեր կերտած կերպարը: Ի՞նչ գաղափարախոսություն ունի այն:

-Ֆիլմում մարմնավորել եմ գլխավոր հերոսի` Լեւոնի մոր կերպարը. ինտելիգենտ, համեստ, խաղաղասեր, բարի, հայրենասեր հայ կին է՝ մանագիտությամբ դաշնակահարուհի:

-Ի՞նչ դժվարությունների եւ բարդությունների առաջ եք կանգնել եւ ինչպես ե՞ք հաղթահարել:

-Ինձ համար յուրաքանչյուր անգամ կինոդիտողին ներկայանալը մեծ պատասխանատվություն է՝ անկախ աշխատանքի ծավալից: Հեշտ չէր՝ հաշվի առնելով, որ ֆիլմը նկարահանվում էր քովիդի պայմաններում: Իսկ ինչ վերաբերում է կերպարի բարդություններին, տանելի էր, հետաքրքիր ինքս ինձ բացահայտելու առումով:

-Ֆիլմը հայրենիքի, միասնության մասին է…

-Այս ֆիլմը հայրենիք ունենալ ցանկանալու մասին է, հայրենիքը սիրելու մասին է, հայրենիքը ինքդ քեզնից ու ամենքից վեր դասելու մասին է: Ֆիլմում հայի բոլոր տեսակներին անդրադարձ կա կերպարների տեսքով:

-Ի՞նչ եք կարծում, այսօր՝ այս դժվարին պատմական ժամանակահատվածում, ինչի՞ կարիք եւ պահանջարկ ունի մեր հանրությունը:

-Սթափվելու:

-Պրեմիերային հաշված օրեր են մնացել, ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Հուսամ՝ կարդարացնենք կինոդիտողի սպասումները: Գուցե նաեւ մի փոքր նպաստենք հանրության արթնացմանը:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՏՈՆԵԼ Է 80-ԱՄՅԱԿԸ

ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանի ծննդյան 80-ամյակի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու փոխնախարար Արա Խզմալյանը փետրվարի 25-ին հյուրընկալվել են Մկրտչյանի տանը՝ շնորհավորելով նրա հոբելյանը:

 

Վահրամ Դումանյանը խոստովանեց՝ երբեք չէր մտածի, որ պատիվ կունենա անձամբ շնորհավորելու եւ ծաղիկներ նվիրելու լեգենդար երգչուհուն: «Մենք մեծացել ենք Ռաիսա Մկրտչյանի երգերով. Ռաիսա Մկրտչյանի անունն ու երգերն անընդհատ հնչում էին ռադիոյով, հեռուստատեսությամբ, համերգասրահներում, ամենուր: Շատ ուրախ եմ, որ այսօր նա երիտասարդական ավյունով, առողջ շարունակում է կատարել իր սիրած աշխատանքն ու հպարտանալու առիթներ ստեղծում»,-շեշտեց նախարարն ու հավելեց՝ Մկրտչյանը երգարվեստի բացառիկ մեծերից է, որին շատ ենք սիրում ու բարձր գնահատում: Ռաիսա Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար եւ անդրադառնալով իր անցած ուղուն՝ շեշտեց՝ չի մտածել իր ձեռքբերումների մասին, երգելն իր համար հոգու պահանջ է եղել: «Միշտ երազել եմ դաշնակահարուհու կարիերայի մասին եւ կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինն եմ ավարտել: Ինձ հետ սովորել են կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Մելիք Մավիսակալյանը եւ այլք: Նրանք իրենց առաջին երգերը վստահել են ինձ եւ հիմնովին փոխել են իմ ճակատագիրը: Այլ մասնագիտություն էի ընտրել, որով մոտ 35 տարի աշխատեցի Առնո Բաբաջանյանի քոլեջում: Դաշնամուր դասավանդելը զուգորդել եմ երգի հետ: Շատ բնական, կարծես վերեւից ուղղորդված լիներ ամեն բան»,-նշեց երգչուհին:  Ռաիսա Մկրտչյանը 1963-1968 թվականներին սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ 1968 թվականից Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մենակատարն է եղել: 2002 թվականից դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Ձայնագրել է ավելի քան 400 երգ։  Ելույթներ է ունեցել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Քարնեգի հոլում, Սիդնեյի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում:

 

 

 

ՉԻ ԱՌԱՋԱՐԿԵԼ

Իտալական «Ռոման» ցանկանում է ամռանն անվճար ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Էկտոր Էրերային: Մեքսիկացի ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Աթլետիկոն» նոր պայմանագիր չի առաջարկել 31-ամյա ֆուտբոլիստին։ Էկտոր Էրերան 2019-ին ազատ գործակալի կարգավիճակում է միացել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին։ Ընթացիկ մրցաշրջանում նա մադրիդյան ակումբում մասնակցել է 20 հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։

 

 

ՊԱՏՃԱՌԸ

Իտալական «Միլանի» 40-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է պատճառը, թե ինչու չի կարող դեռ ավարտել կարիերան։ «Իմ ապագան ֆուտբոլն է, իմ աշխարհը ֆուտբոլն է։ Իհարկե, ես հիասթափված եմ, որ հիմա վնասվածքի պատճառով չեմ խաղում։ Ես ցանկանում եմ լինել թիմի հետ եւ օգնել «Միլանին»։ Չեմ ավարտի կարիերաս, մինչեւ տիտղոս չնվաճեմ «Միլանի» հետ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Միլանը» մասնակցել է 15 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Իբրահիմովիչի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

 

 

ԱՐԳԵԼԵԼ Է

ՖԻԴԵ-ն արգելել է ռուս եւ բելառուս շախմատիստներին հանդես գալ իրենց երկրների դրոշի ներքո Շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցումներում։ Այդ մասին հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։ Այս որոշումն ընդունվել է ՖԻԴԵ-ի խորհրդի արտահերթ նիստում, որը տեղի է ունեցել կիրակի օրը։ Ինչպես նշվում է, այս վճիռն ընդունվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հայտարարության հիման վրա, որը նախկինում կոչ էր արել մարզական ֆեդերացիաներին հրաժարվել մրցաշարերում ցուցադրել Ռուսաստանի եւ Բելառուսի դրոշները՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։

 

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդեւը իր կարիերայում առաջին անգամ գլխավորել է ATP վարկանիշային աղյուսակը: Թենիսի համաշխարհային ասոցիացիան հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը, որն առաջին անգամ գլխավորում է Դանիլ Մեդվեդեւը: Նա առաջ է անցել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչից, ով կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու պատճառով իրավունք չի ստանում մասնակցելու մի շարք մրցաշարերի: Եռյակը եզրափակում է Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւը: Տասնյակում են նաեւ Ռաֆայել Նադալը, Ստեֆանոս Ցիցիպասը, Անդրեյ Ռուբյովը, Մատեո Բերետինին, Կասպեր Ռուդը, Ֆելիքս Օժե-Ալյասիմը եւ Հուբերդ Հուրկաչը:

 

 

 




Լրահոս