«ՀԵՓԻ ԷՆԴ Է ՍՊԱՍՎՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook սոցիալական ցանցում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից անցկացված քվեարկության համաձայն` «Եթերային աղբ» մրցանակաբաշխության առաջին հաղթողն է ճանաչվել Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Աննա» հեռուստասերիալը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն էլ, ի պատասխան այս ամենի, ասել է. «Եթե անգամ սերիալներում խաղացող աղջիկների գեղեցկության մրցույթ լինի, էլի «Աննա»-ից ինչ-որ մեկը կշահի: Սա շատ լավ գովազդ էր այդ նախաձեռնության համար, որի մասին շատերը չէին լսել: Այս քայլով նախաձեռնությունը միանգամից հայտնվեց լրատվական կայքերի ու թողարկումների թոփ-լուրերի մեջ: Սա ընդունենք որպես «Աննա» սերիալի կողմից հումանիտար օգնություն այդ շարժմանը»: Լավ, իսկ ի՞նչ է մտածում այս ամենի մասին Աննայի դերակատար Արփինե Իսրայելյանը: Զանգահարեցինք դերասանուհուն, ով շատ բարեհամբույր կերպով մեզ հայտնեց, որ իրենց պրոդյուսերը տեղեկացրել է դերասաններին մինչեւ դեկտեմբեր ոչ մի հարցազրույց չտալ: Մենք էլ որոշեցինք չսպասել մինչեւ դեկտեմբեր եւ մեր հարցերն ուղղեցինք  սերիալի պրոդյուսերներից մեկին` Ռուբեն Շահինյանին:-Անընդհատ շրջանառվում է, որ «Աննա»-ն եթերային աղբ է: Դուք ի՞նչ մեկնաբանություններ ունեք տվյալ հարցի շուրջ:-Դրա պատասխանը տվել է Հանրային խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Ես ուղղակի կասեմ, որ տվյալ շարժումը որոշել է «Աննա»-ի միջոցով իրենց   PR անել:  -Ուզում եք ասել` սեւ PR-ը հօգուտ ձե՞զ եղավ:-Մենք PR-ի կարիք չունենք, նման քայլեր երբեք չենք արել: Դա իրենց PR-ի համար էր, ոչ թե մեր: Եթե սկսեին մեզ գովել, նորություն չէին ասի ու դրանով չէին կարողանա իրենց մասին խոսել տալ: Իրենց պետք էր հենց էսպիսի մի բան: Յուրաքանչյուր հարցի շուրջ որեւէ բան ասելուց առաջ ես փաստերին եմ հավատում: Ինքս փաստերով եմ աշխատում, եւ դրա վառ ապացույցն այն բոլոր վիճակագրական ծառայություններն են, որոնց թոփերում հայտնվել է «Աննա» հեռուստասերիալը: -Դո՞ւք էլ Ալեքսան Հարությունյանի կարծիքին եք, որ «Աննա»-ն բոլոր հեռուստասերիալների մեջ ռեյտինգով առաջինն է:-Քանի դեռ վստահելի ծառայությունների թոփային աղյուսակներում ես կտեսնեմ մեր պրոյեկտը, միշտ կլինեմ այդ կարծիքին: -Ներողություն, իսկ այդ աղյուսակները որտե՞ղ եք տեսնում, մենք էլ մեծ ցանկություն ունենք դրանց ծանոթանալու:-Համեցե՛ք ռադիոտուն, ես մեծ սիրով Ձեզ կներկայացնեմ: Եկե՛ք, ես Ձեզ մի քանի հեռախոս կտրամադրեմ, հարցում կկազմակերպենք հենց «Աննա» հեռուստասերիալի ժամին եւ կտեսնենք, թե ով ինչ է նայում:-Հեռուստադիտողը գոհ չէ նաեւ դերասանների խաղից, քանի որ մեծ մասը դեռ ուսանողներ են ու բավականին անփորձ: Իհարկե, բարետես են, բայց դա որակի մասին չի խոսում:-Դե շատ վատ է, որ նորերին կամ անփորձներին փորձի հնարավորություն տալու համար կարող են ասել աղբ: Լավ, եթե այս սերիալը չեն նայում, նշանակում է դերասաններին էլ պետք է չճանաչեն, այդ դեպքում ինչո՞ւ են բոլոր լրատվամիջոցները միշտ շատ ակտիվ աշխատում մեզ հետ, եթե մենք չենք ճանաչվում, այդ դեպքում ի՞նչ կարիք կա մեզ հետ խոսելու: Ես Ձեզ կարող եմ հակառակն ապացուցել: Եթե «Աննա» սերիալն աղբ լիներ, ապա մեր օֆիսի պատուհանները հիմա պոմիդորներով ծածկված կլինեին:-Իսկ ի՞նչ սկզբունքով եք ընտրել դերասաններին:-Դերասաններին ես չեմ ընտրում, այլ ռեժիսորական թիմը` ի դեմս Ելենա Արշակյանի, մինչ այսօր նրա ընտրությունների հետ համաձայն եմ եղել, նա դեռ չի սխալվել:  -Հիմա «Աննա» սերիալի երկրորդ եւ, որքան գիտեմ, վերջին եթերաշրջանն է: Այդ դեպքում, եթե այս սերիալն այդքան ռեյտինգային է, ինչո՞ւ չեք նկարելու երրորդ կամ չորրորդ եթերաշրջան:-Եթե չեմ սխալվում, Հանրային հեռուստաընկերության պրակտիկայում շատ երկարատեւ պրոյեկտներ չեն եղել, ամեն ինչ թարմացվում, նորացվում է: Իսկ շատ երկար նախագծերը ոչ մեկին էլ հաճելի չեն:-«Աննա»-ից հետո ի՞նչ նոր սերիալ մեզ կներկայացնի Հանրայինը:-Ժանրի մասին որեւէ ստույգ ինֆորմացիա այս պահին տալ չեմ կարող, կարող եմ ասել, որ դերասանների կազմը նույնպես կթարմացվի:-Բայց երեւի թե ենթադրվում է, որ կրկին նույն դեմքերին կտեսնենք, պարզապես մեկ այլ սերիալում:-Մեր դեմքերի շուկան այդքան մեծ չէ, մենք ունենք մի թատերական ինստիտուտ, երրորդ կուրսից վերեւ նոր կարելի է նկարել: Իսկ ի՞նչ այլընտրանք կա: Միգուցե ինձ հուշե՞ք:-Սիրով: Կարող եք գնալ երեւանյան թատրոններ, որտեղ կան շատ ավելի փորձառու դերասաններ` մեծ, պրակտիկ ճանապարհ անցած: Միգուցե նրանք հարմար թեկնածու լինեն:-Իհարկե, մեծ սիրով բոլոր քասթինգներին սպասում ենք: Մեզ մոտ տարիքային սահմանափակում չկա: Մենք միշտ փորձում ենք արտիստների ընտրել:-Գոնե ասե՛ք` «Աննա»-ի ավարտը բարի՞ է լինելու:-Այո՛, հեռուստադիտողին հեփի էնդ է սպասվում:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս