Պորտուգալիան Հայաստանին է նվիրել 400 հազար 140 դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի կառավարության կողմից նվիրաբերված COVID-19 դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի առաջին մասնաքանակը` 400 հազար 140 դեղաչափ, Հայաստանում է:

Այսօր առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստանյութի խմբաքանակը առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին են հանձնել Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Լեհաստանի դեսպանի առաջին խորհրդական Կրիժշտոֆ Բարչակը:

Մատակարարումն իրականացվել է Արևելյան գործընկերության երկրներին պատվաստանյութերով ապահովելու «Եվրոպայի Թիմ»-ի նախաձեռնության շրջանակներում` Եվրամիության, Լեհաստանի և Պորտուգալիայի համատեղ աշխատանքի շնորհիվ:

Մյուս մասնաբաժնի առաքումը Հայաստան նախատեսվում է ապրիլին:
«Շնորհակալություն մեր գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած սոլիդար վերաբերմունքի համար` ուղղված համավարակի զսպմանը: Հայաստանում արդեն 2 միլիոնից ավելի դեղաչափ պատվաստում է իրականացվել, 95 հազարից ավելի մարդ ամբողջապես պատվաստվել է: Մեր երկիրն անում է ամեն բան պատվաստանյութերի բազմազանությունն ապահովելու համար, և այս նվիրատվությունը ևս մեկ քայլ է պատվաստանյութերի հասանելիությունն ապահովելու հարցում»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ պատվաստանյութերը ժամանել են Հայաստան։ Երախտապարտ ենք Պորտուգալիայի առատաձեռն հանձնառությանը և Լեհաստանի՝ այս ամենը կյանքի կոչելու համար ներդրված ջանքերին։ Մենք շարունակում ենք միասին պայքարել COVID-19-ի դեմ»,- նշել է ԵՄ դեսպանը ՀՀ առողջապահության նախարարության հետ նվիրատվության փոխանցման ընթացքում։




Լրահոս