Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների եւ օժանդակության մասին» ՀՀ օրենքում:
Մասնավորապես, փոփոխություններով պատգամավորն առաջարկում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման տոկոսադրույքի չափը պետք է լինի ոչ պակաս քան 10 տոկոսի չափով, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղական համայնքներում գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում զբաղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության ապահովման համար:
Եվ որպես հիմնավորում նշվում է, որ սահմանամերձ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետության բարձրացման, այդ թվում՝ նվազագույն շահութաբերության ապահովման նպատակով, անհրաժեշտ է, ի թիվս այլ արտոնությունների՝ էապես բարձրացնել գյուղացիական վարկերի սուբսիդավորման ծավալները ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ն.Հ.