Ռուսաստանի և արևմտյան աշխարհի միջև հարաբերություններն այսօր ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը RIA Novosti-ի հետ հարցազրույցում։
Նա նշել է, որ ինքն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ կնքել է հայտնի СНВ-3 կամ Start Treaty պայմանագիրը՝ երկու երկրների միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների վերաբերյալ, սակայն հիմա այնպես է ստացվում, որ պայմանագիրը կնքվել է պատժամիջոցային ցուցակում գտնվող մարդկանց կողմից։
Նրա խոսքով՝ կա մի այսպիսի ասացվածք՝ rebus sic stantibus․ դա նշանակում է, որ միջազգային պայմանագրերը գործում են այնքան ժամանակ, քանի դեռ կան դրանց առաջացման հանգամանքները։
«Այդ հանգամանքներն անհետացել են։ Անձինք, ովքեր ստորագրել են պայմանագիրը, մեզ մոտ պատժամիջոցային ցուցակում են»,-ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ ոչ ոք որևէ պատերազմ չի ցանկանում, սակայն միջուկային կոնֆլիկտի սպառնալիքը մշտապես առկա է։