ԵՄ-ն պատժամիջոցներ է նախատեսում Մեդվեդևի որդու և Պուտինի ազգականի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը: Այն ներառում է պատժամիջոցներ նաև ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի որդու և Վլադիմիր Պուտինի ազգականի նկատմամբ։ Այս մասին հայտնել է The Guardian-ը։

Պուտինի զարմուհի Աննա Ցիվիլևան ղեկավարում է «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամը, որն աջակցում է Ուկրաինայում կռվող ռուս զինվորներին:

Ընդլայնված ցուցակում ընդգրկվել է նաև Իլյա Մեդվեդևը, ում անունն ու ծննդյան ամսաթիվը համընկնում են նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի միակ որդու անվան և ծննդյան տարեթվի հետ։ Նա մեղադրվում է Ուկրաինայում ապատեղեկատվության և քարոզչական արշավ կազմակերպելու մեջ։

Պաշտոնյաների հարազատների, այդ թվում՝ Պուտինի ընտանիքի ընդգրկումը Կրեմլում զայրույթ կառաջացնի, գրում է թերթը։

Հավելենք, որ Եվրոպական միության բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելը՝ Եվրահանձնաժողովի հետ նոյեմբերի 15-ի նիստում, անդամ երկրներին ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներկուերորդ փաթեթի առաջարկը։




Լրահոս