Ռուսաստանն Արևմուտքի հետ գազային առուծախի խաղի նոր կանոններ է սահմանում: Հետայսու պաշտոնական Մոսկվան Եվրոպային գազը միայն ռուբլիով կվաճառի: Համապատասխան որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրեր առաջ՝ մարտի 23-ին է կայացրել՝ համապատասխան նախարարություններին ու վարչություններին հանձնարարելով արտահանվող ռուսական գազի հաշվարկները ռուբլիով կատարել։
Վլադիմիր Պուտինի հայտարարությունը որոտի պես է պայթել եվրոպական մայրաքաղաքներում, որոնք ստիպված են լինելու ռուբլի ձեռք բերել հենց Ռուսաստանում: Ինչո՞ւ, որովհետև Արևմուտքը բավարար ռուբլի չունի, իսկ սպառած գազի համար վճարում կատարելու համար ստիպված է այն ձեռք բերել հենց այն տարածքից, որի նկատմամբ պատժամիջոցների տարափ է հայտարարել:
Ստացվում է հետևյալը՝ Ռուսաստանը Եվրոպայի հետ գազի մատակարարման առուծախը եվրոյով էր կատարում, այժմ, սակայն, եվրոպական բանկը հրաժարվում է սպասարկել ռուսական բանկերը, այսինքն՝ ռուսական կողմն այդ գումարը չի կարողանում օգտագործել:
Պաշտոնական Մոսկվան էլ, քաջ հասկանալով իրավճակը, հրաժարվում է թե՛ եվրոյից, թե՛ դոլարից ու պարտադրում սեփական արժույթը՝ ռուբլին:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ Ռուսաստանը կարողանում է խաղի կանոնները թելադրողի դիրքերից հանդես գալ, քանի որ Եվրոպան գազի սպառման ավելի քան 40 տոկոսը Ռուսաստանից է ձեռք բերում: Ու որպեսզի, օրինակ, Ֆրանսիան այժմ կարողանա վճարել կապույտ վառելիքի համար, ապա նրա ներկայացուցիչը պետք է գա ու հենց Ռուսաստանից ռուբլի գնի, քանի որ Եվրոպայում արժութային շրջանառությունը մեծամասամբ եվրոյով կամ դոլարով է իրականցվում:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան