«Հանգստյան գոտում չեմ». ինչն է վրդովեցրել կալանավորված նախկին նախարարին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ի՞նչ իրավիճակ է ստեղծել դատաիրավական համակարգը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պաշտոնատար անձանց մասով:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը ամեն ինչ անում է նախկին պաշտոնյաներին կալանքի տակ պահելու համար։ Բանն այն է, որ ՊՆ նախկին պաշտոնյաների մասով հաջորդ դատական նիստը կայանալու է մայիս ամսին, ասել է թե՝ մեկ ամիս անց: Այս հանգամանքը խիստ վրդովեցրել է գործով կալանավորված ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, որ դռնփակ դատական նիստին հայտարարում է, որ ինքը հանգստյան գոտում չի գտնվում, որ դատական նիստերը ամիսը մեկ են անցկացնում: Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Քրեական գործով այս պահին Երեւան Կենտրոն քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի -վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են»:




Լրահոս