«Օրենսդրի դերը ԱՄՆ-ում» ծրագրի շրջանակներում Վաշինգթոնում հանդիպել ենք Կոնգրեսի ներկայացուցչական պալատի անդամ եւ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նա ևս այն քիչ կոնգրեսականներից է, ով հաշվի չառնելով Ադրբեջանի շարունակական ահաբեկումները, եղել է Արցախում և իր ամենօրյա աշխատանքով աջակցում է հայ ժողովրդին, ինչի համար խորին շնորհակալությունս եմ հայտնել տիկին Սփիերին։
Քննարկման թեման կրկին արցախահայերի իրավունքներն էին, որոնք ոտնահարվում են Ադրբեջանի համակարգված ցեղասպան քաղաքականության արդյունքում։
Տիկին Սփիերին եմ ներկայացրել Արցախ կատարած այցիս արդյունքում արձանագրած փաստերը․
1․Հոգեբանական ճնշումների և ուժի սպառնալիքի միջոցով Ադրբեջանը բռնի տեղահանման է ենթարկում արցախահայերին
2․Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, սադրանքների է դիմում Արցախում, որտեղ խաղաղապահ առաքելություն է կատարում ռուսական զորակազմը։
3․ Մարտի 24-ից ադրբեջանցիները հրադադարի պայմաններում ներխուժել են Փառուխ համայնք և հարակից դիրքեր և հաստատվել այնտեղ, ինչի արդյունքում զոհվել են 4 զինծառայող և վիրավորում ստացել 18-ը։
4․ Ադրբեջանը դիտավորյալ զրկել է գազամատակարարումից Արցախի շուրջ 100 000 բնակչի, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, հիվանդներ, դպրոցների, ինչպես նաեւ հիվանդանոցների, արտադրությունների, ինչի արդյունքում Արցախում հումանիտար ճգնաժամ է։
5․ Ադրբեջանը պարբերաբար կրակի տակ է պահում սահմանային բնակավայրերը՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, ինչի արդյունքում խաթարվել է արցախահայերի բնականոն կյանքը, խախտվել է կյանքի, խաղաղ ապրելու, սեփականության և այլ հիմնարար իրավունքներ։
Քննարկել ենք նաև և երկուստեք կարևորել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը։ Ջեքի Սփիերի հետ զրույցում ևս կոչ եմ արել կոնգրեսականին Ադրբեջանի դեմ հստակ մեխանիզմներ մշակել, և աշխարհի ուշադրությունը հրավիրել Արցախի և Հայաստանի վրա, քանի որ լռությունը բերում է անդառնալի հետևանքների, ինչին էլ ականատես ենք լինում հիմա Արցախում և Հայաստանի սահմաններին: Ադրբեջանը շարուկում է օկուպցված պահել Հայատանի սահմանամերձ մի շարք համայնքների արոտավայրերը: