Հետհեղափոխական Հայաստանում այնպես է ստացվել, որ ուժային կառույցների բարձրաստիճան աշխատակիցները ստանում են գեներալի կոչում, սակայն մեծ շուքով կոչումներ ստանալուց հետո ազատվում են պաշտոնից կամ էլ կալանավորվում:
Առաջին մեկնարկը 2019 թվականին տվեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Օսիպյանին շնորհվել էր ոստիկանության գեներալ-մայորի, իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին էլ՝ գեներալ-մայորի զինվորական կոչում: Եվ, ահա, նոր կոչում ստանալուց երկու ամիս անց Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, որն էլ հաստատվել էր: Իսկ, ահա, Օսիպյանը հեռացավ Արթուր Վանեցյանից երկու օր անց՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով եւ վարչապետի առաջարկությամբ:
Հաջորդ պաշտոնյան Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանն էր: Նրան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից գեներալ-մայորի կոչում տրվեց հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Նոր կոչումից մեկ ամիս էլ չանցած՝ նրան պաշտոնանկ արեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ:
Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկությունը հաջորդել էր ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը, երբ անդրադարձ էր կատարվել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին եւ պատճառներին:
2020 թվականի հոկտեմբերի 15-ին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհվեց, սակայն 4 ամիս անց նրան ազատեցին պաշտոնից:
2020 թվականին հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին շնորհեց Ազգային հերոսի կոչում:
«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման:
Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի», – սոցցանցի իր էջում գրել էր վարչապետը, սակայն 4 ամիս անց Տիրան Խաչատրյանը ազատվեց պաշտոնից:
Եվ ահա ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին գեներալ մայորի կոչում տալուց երկու տարի անց նույնպես կալանավորվեց, տեսենք հաջորդ գեներալը ով է:
Քնար Մանուկյան