
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ զրույցը գնահատում է բավականին բովանդակային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանը Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ նշեց, որ իրենց քննարկման օրակարգում եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
«Գործընկերոջս մանրամասներ ներկայացրեցի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ: Քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում տիրող իրավիճակին վերաբերող խնդիրները»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյանն ու Զբիգնև Ռաուն քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակ, ԵԱՀԿ-ում լեհական նախագահության առաջնահերություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները: