ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Ղազինյանն ու Արթուր Սարգսյանը հանդես են եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ եւ առաջարկում են փոփոխություն կատարել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում:
Մասնավորապես, նրանք առաջարկում են հանրային սննդի օբյեկտների շարքում ավելացնել նոր տեսակ՝ ծխախոտի օգտագործման մասնագիտացված օբյեկտ, այսինքն՝ նարգիլեների, հուքաների, կալյանների, սիգարների, ծխամորճերի եւ ծխախոտների օգտագործում կազմակերպող օբյեկտներ, որտեղ իհարկե կարող է իրականացվել է սննդի եւ ալկոհոլի վաճառք:
Հիմնավորման մեջ նրանք նշում են, որ 2022թ մարտի 15-ից ՀՀ-ում արգելվեց ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Նրանք նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում հարյուրավոր տնտեսվարողներ իրականացնում են ծխելու հետ կապված գործունեություն՝ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման կազմակերպում՝ նարգիլեների, հուքաների, կալյանների, սիգարների, ծխամորճերի եւ ծխախոտների տեսքով, մինչդեռ 2022թ մարտի 15-ից հետո դրանց գործունեությունը փաստացի արգելվեց:
«Բացի այդ. նոր ուժի մեջ մտած կարգավորումներով բաց տարածքներում գտնվող հանրային սննդի օբյեկտներում ծխելը նույնպես արգելվեց, ինչը որպես վարչարարություն անարդյունավետ է, քանզի եթե բաց տարածքներում ծխելու արգելքի նպատակը առողջության պահպանումն է, ապա այդ դեպքում ծխելը առհասարակ պետք է արգելվեր, ինչը խելագարության կանխավարկածից է, մինչդեռ գործող կարգավորման պարագայում բաց տարածքներում գտնվող հանրային սննդի օբյեկտի հաճախորդը կարող է մի փոքր հեռու կանգնել եւ ծխել՝ դրանով իսկ չենթարկվելով վարչական պատասխանատվության, ինչը խաթարում է թե’ բուն կարգավորման նպատակը, թե’ վարչարարության արդյունավետությունը եւ պիտանիությունը»- նշված է նախագծում:
Մյուս կողմից նախագծերի փաթեթով առաջարկվում է հանել բացօթյա հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը, քանի որ այն փաստացի հանդիսանում է ոչ պիտանի եւ անարդյունավետ վարչարարություն:
Նաիրա Հովհաննիսյան