ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը յուրայիններին հերոսացնելու (բառիս բուն իմաստով), այնուհետեւ հերոսից հակահերոս կերտելու հարցում անգերազանցելի է: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ՀՀ ԶՈւ գեներալ-մայորի, Հայաստանի ազգային հերոսի կոչումը վարչապետ Նիկոլ Փաշինյանից է ստացել, հենց նրա իշխանության օրոք էլ կալանավորվել: Իրավապահները նրան մեղադրում են կոռուպցիոն գործարքներ անելու եւ այլնի մեջ: Փիլոյանից առաջ էլ Փաշինյանի՝ ««Իսկանդերը» 10 տոկոսով է կրակել» արտահայտությունը քմծիծաղով ընդունած, բայց նրա կողմից հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանն էր նույն բախտին արժանացել, որ, ի դեպ, իշխանության դեմքը փրկելու համար Սոթքի հանքավայրի մի մասի կորուստի արդարացումը յուր ուսերին էր առել։ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրագույն կոչումների, այնուհետ նույն ճակատագրին արժանացած անձանց շարքը երկար կարելի է շարունակել։ Փաշինյանի կողմից շնորհված կոչումներից խանդավառվողները մի պահ պետք է մտորեն ու վերհիշեն Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցածը: 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից Գրիգորյանն առաջիններից էր, որ սեղմեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը, բայց դա խոչընդոտ չէր վերջինիս իշխանության համար «տուշոնկայի» չապացուցված մեղադրանքով մինչեւ վերջ պախարակելու ու տապալելու Գրիգորյանին թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես:

 

 

 

Ի՞նչ  իրավիճակ է ստեղծել դատաիրավական համակարգը ՀՀ  պաշտպանության  նախկին նախարար  Դավիթ Տոնոյանի  եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պաշտոնատար անձանց մասով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը ամեն ինչ անում է նախկին պաշտոնյաներին կալանքի տակ պահելու համար։ Բանն այն է, որ ՊՆ նախկին պաշտոնյաների մասով հաջորդ դատական նիստը  կայանալու է մայիս ամսին, ասել է թե՝ մեկ ամիս անց: Այս  հանգամանքը խիստ  վրդովեցրել  է  գործով կալանավորված ՀՀ ՊՆ նախկին  նախարար Դավիթ  Տոնոյանին, որ  դռնփակ  դատական  նիստին  հայտարարում է, որ  ինքը  հանգստյան գոտում  չի  գտնվում, որ  դատական  նիստերը  ամիսը  մեկ  են անցկացնում: Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Քրեական գործով այս պահին Երեւան Կենտրոն քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում  ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի -վարչության  նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են:

 

 

 

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը լքել է Հայաստանը: Ինչպես հայտնի է, 2022 թվականի հունվարի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեն, քննելով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վերագրվող կոռուպցիոն հանցագործության գործը, ավարտել է նախաքննությունն ու գործն ուղարկել հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար։ 18 տարի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտը, ըստ մեղադրանքի, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 միլիարդ դրամը կամ 4 միլիոն դոլարը։ Նախկին ոստիկանապետը երկրից չբացակայելու ստորագրություն է տվել, սակայն հունվարի 18-ին Դատախազությունը հայտնել էր, որ կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության: Ու մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն  լրացուցիչ քննություն է իրականացնում,  եւ դեռ ավելին՝  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում  ՀՀ նախկին ոստիկանապետի մասով եւս մեկ քրեական գործ է քննվում, դատական համակարգը Գասպարյանին  թույլ է տալիս լքել երկիրը։ «Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը լքել է երկիրը եւ գտնվում է Մոսկվայում: Տեղեկությունը փորձեցինք  պարզել ՀՀ Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին՝ Վ. Գասպարյանին վերաբերող գործով դատարանը բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ բուժման նպատակով արտերկիր մեկնելու համար նրա նկատմամբ ելքի սահմանափակումը ժամանակավորապես հանելու վերաբերյալ: Դատարանում միջնորդության քննարկման ընթացքում դատախազը առարկություն՝ անհամաձայնություն է հայտնել դրան: Ըստ է ության, դատախազությունը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ իրենք դեմ են եղել այդ որոշմանը, բայց ոստիկանապետը այլեւս երկրում չէ:

 

 

 

Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները, այս տարվա հունվար ամսվա արդյունքներով, նվազել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար ամսին պանրի արտադրության ծավալները նվազել են 4.3, թթվասերինը՝ 10.7, մածունինը` 7.1, իսկ կաթնաշոռինը` 9.4 տոկոսով: Իսկ, ահա, կաթի արտադրության ծավալներն այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 21.5 տոկոսով պակասել են: Մասնագետների խոսքերով՝ կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է ոչ միայն կաթնատվության կրճատման, այլեւ անասնագլխաքանակի նվազման հետ: Բացի այս, նկատենք, որ Հայաստանը ներկրում է կաթի փոշի, այդ թվում` կաթ եւ սերուցք` խտացրած կամ քաղցրացրած: Այն հիմնականում ներկրվում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Լեհաստանից, Արգենտինայից: Սակայն հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը՝ չի բացառվում, որ առաջիկայում կաթի փոշու ներկրման ծավալները զգալի պակասեն, եւ, դրան զուգահեռ, կաթնամթերքը կթանկանա:

 




Լրահոս