Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն թուրքական AHaber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը աջակցում է այդ գործընթացին։
«Պատերազմն ավարտված է, դրանից դասեր քաղել է պետք։ Կովկասում կայունության հաստատման համար քայլեր պետք է ձեռնարկվեն։ Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք մեր սահմանները։ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Ընտրությունից հետո դրական ազդակներից բացի հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք, որոնք 2 անգամ հանդիպեցին, բայց մշտապես հեռախոսազրույց են ունենում։ Վստահությունն ավելացնելուն ուղղված քայլեր կատարեցինք, թռիչքները վերսկսվեցին»,-ասել է Չավուշօղլուն։
Նա նշել է, որ երկաթուղու վերաբացման համար աշխատանքներ են տարվում, կան նաեւ քաղաքական շփումներ։ «Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ես շատ էի ուզում, որ 3-ով հանդիպենք (նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ-խմբ.), բայց դա հնարավոր չեղավ։ Հայաստանն ինքն իրեն մեկուսացրել էր մեր եւ Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով։ Ամեն ինչ մեկ օրում չի կարող կարգավորվել»,-ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Հայաստանը պետք է ընդունի խաղաղության համաձայնագրի մասին Ադրբեջանի առաջարկները։
Թուրքիան, արտաքին գործերի նախարարի խոսքով, աշխատում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարների նոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ «Ստամբուլի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն այս փուլում մենք չենք տեսնում այն արդյունքների իրականացումը, որոնք հայտարարվել են Ստամբուլի հանդիպման ավարտին։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հանդիպումը կարող է տեղի ունենալ ավելի բարձր՝ արտգործնախարարների մակարդակով, առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Մենք աշխատում ենք դրա վրա, ես երեկ խոսել եմ այդ թեմայով Լավրովի եւ Կուլեբայի հետ։ Լավրովը այցով Չինաստանում է, Կուլեբան՝ Արեւմուտքում: Աշխատում ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Երեկ ես բանակցություններ եմ ունեցել Լավրովի եւ Կուլեբայի հետ այս հարցի շուրջ: Դատելով Ստամբուլում պատվիրակությունների բանակցությունների ընթացքում «ոտքի վրա» ունեցած խոսակցություններից եւ դատելով կողմերի հետ մեր բանակցություններից՝ կարելի է ասել, որ այդ հանդիպումը հնարավոր է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- ասել է Չավուշօղլուն:
Ի դեպ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն Երեւանից խաղաղության պայմանագրի ստորագրման համար «կոնկրետ առաջարկներ» է ակնկալում։ «Մեկ տարի առաջ Հայաստանին առաջարկել ենք կնքել խաղաղության պայմանագիր։ Շուրջ մեկ ամիս առաջ Ադրբեջանը հիմնարար դրույթների առաջարկներ է փոխանցել Հայաստանին։ Մենք հետեւում ենք Հայաստանի պատասխաններին եւ հույս ունենք, որ դրանք կլինեն կոնկրետ առաջարկներ, այլ ոչ թե հասարակությանը տեղյակ պահելու միջոցներ»,-ասել է նա։
Ն. ՊՈՂՈՍՅԱՆ
ՊԱՅՄԱՆՈՎ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը պետք է նախորդի երկրների միջեւ պայմանագրի տեքստի վրա աշխատանքի ավարտը։ Պայմանի մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ նախագահների հնարավոր հանդիպման հստակ ժամկետներ չկան։ Ավելի վաղ այն մասին, որ պետությունների ղեկավարների հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Մոսկվան եւ Կիեւը կնախապատրաստեն եւ կհաստատեն պայմանագիրը, հայտնել էր ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Իտալիայի խորհրդարանի անդամ Ալվիս Մանիերոն անդրադարձել է Ադրբեջանի գործողություններով պայմանավորված Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին: «Մենք դատապարտում ենք մարդու իրավունքների պարբերական բնույթ կրող խախտումները, ռազմական ագրեսիան, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) ապրող հայերի մշակութային ժառանգության ոչնչացումը: Մինչ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի կոնֆլիկտի վրա, Արցախում թշնամանքը վերականգնվել է: Եվ մինչ մենք Իտալիայում ու Եվրոպայում իրավամբ մտահոգված ենք գազի մատակարարումների հարցով, ադրբեջանցիները պայթեցրել են Արցախը մատակարարող գազատարը՝ թողնելով տեղի բնակիչներին սառնամանիքի մեջ, առանց տաք ջրի եւ տաք կերակուր պատրաստելու հնարավորության -8 ջերմաստիճանի պայմաններում»,-նշել է պատգամավորը:
ՀԱԿԱՍՈՒՄ Է
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը հակասում Է ամերիկյան կողմի հայտարարություններին միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու մտադրության մասին: Այս մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն: «Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ն հայտարարում Է միջուկային գործարքի լիովին կատարմանը վերադառնալու պատրասակամության մասին, նա շարունակում Է խախտել ՄԱԿ-ի ԱԽ-ի (միջուկային գործարքի պաշտպանության) թիվ 2231 բանաձեւը»,-ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ «այդ գործողություններն ակնառու կերպով ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի (նախագահի) ներկայիս վարչակազմն, ի հեճուկս իր հայտարարությունների, օգտագործում Է ցանկացած հնարավորություն, որպեսզի առանց որեւԷ հիմքի ուժեղացնի ճնշուն իրանցի ժողովրդի վրա»:
ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ
«Ռազմական, քաղաքական, դիվանագիտական առումով բարդ իրավիճակում ենք»,- ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Մոտավոր գնահատականներով՝ Ադրբեջանը բռնազավթել է Ասկերանի շրջանից 1100-1200 հեկտարի չափ տարածք, բայց սա չպետք է գնահատել միայն տարածքային առումով, որովհետեւ Ադրբեջանի նպատակն է, ներխուժում ապահովելով, բարելավել իր դիրքային առավելությունը»,- ասել է պատգամավորը:
ԷՐԴՈՂԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում հանդիսանում են «պաշտպանական բնույթի պատասխան»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, որ «Ադրբեջանն ամբողջությամբ պահպանում է եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթները»։ Նա ասել է մասնավորապես, որ «Ադրբեջանի կողմից խախտում չի եղել, քանի որ հարձակվել են Ադրբեջանի վրա, եւ ադրբեջանական կողմը ստիպված է եղել պաշտպանվել եւ տվել է պաշտպանական բնույթի պատասխան։ Կարեւորն այն է, որ հայկական զինվորական տարրերը դուրս բերվեն միջազգայնորեն Ադրբեջանի տարածք համարվող շրջաններից՝ համաձայն Եռակողմ հայտարարությունների»,- ասել է Էրդողանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հասցեին ղարաբաղյան վերջին սրացման առնչությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մեղադրանքներին։ Այս մասին Թուրքիայի նախագահը խոսել է Ուզբեկստան կատարած այցից հետո:
ՔԱՌԱԿՈՂՄ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ղազախստանը «Անդրկասպյան Արեւելք-Արեւմուտք միջանցքի մասին» քառակողմ հռչակագիր են ստորագրել, որն ընդգծում է միջանցքի կարեւորությունը եւ հռչակագրի մասնակից պետությունների տարանցիկ ներուժի ամրապնդմանն ուղղված քայլերը։ Ըստ տեղեկությունների՝ հռչակագրում ընդգծվում է տրանսպորտային միջանցքների զարգացման եւ տարանցիկ ներուժի ավելացման, Անդրկասպյան Արեւելք-Արեւմուտք միջանցքի միջազգային տրանսպորտային համակարգում ինտեգրման եւ կողմերի միջեւ համագործակցության ամրապնդման կարեւոր դերը։
Փաստաթղթում նշվում է նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի կարեւոր դերը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ մրցակցային տրանսպորտի զարգացման գործում, եւ ուշադրություն է հատկացվում շինարարական աշխատանքների ավարտի կարեւորությանը երկաթուղու թողունակությունը բարելավելու համար: Հռչակագրում նշվում է նաեւ ենթակառուցվածքային ներդրումների զգալի անհրաժեշտությունը՝ այդ երթուղով տրանսպորտային գործառնությունների որակը բարելավելու համար: