ԱԱԾ-Ն ՈՒ ԱԻՆ-Ի ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հակակառուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Քրեական գործով եւս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների վերաբերյալ:  Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել են հրազեն եւ ռազմամթերք: Պարզվել է նաեւ, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալումը բավականին ուշագրավ հանգամանքներում է իրականացվել: Մասնավորապես, մեզ հասած տեղկությունների համաձայն՝ փետրվարի 28-ին, երբ ԱԱԾ-ն մտել է նախարարություն, եւ նախարարին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է նախաքննական մարմինը ընտրում ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Դատելով իրրավիճակից՝ կարող ենք ենթադրել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը փորձում է փրկել նախարար Փիլոյանին: Ահա այստեղից էլ սկսվում է դատախազության եւ կոմիտեի հերթական գզվռտոցը:

Մասնավորապես, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացնել է տալիս կոմիտեի որոշումը եւ ցուցում տալիս, որ նախարար Փիլոյանին ձերբակալեն եւ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար դիմեն դատարան: Իսկ թե դատարանում ինչով կավարտվի, հետեւենք զարգացումներին:

Ավելին, այս գործի հանգամանքներից մեզ այլ ուշագրավ մանրամանասներ են հայտնի դարձել: Մարտի 28-ին, երբ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտել են արտակարգ իրավիճակների նախարարություն, այնտեղ նախարար Փիլոյանի գլխավորությամբ եղել է խորհրդակցություն, որը կանգ է առել: ԱԱԾ աշխատակիցները նախարար Փիլոյանին եւ խորհրդակցության որոշ մասնակիցների հրավրել են դուրս, որից հետո ՀՀ արտակարգ իրավճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանն է ստիպված եղել խորհրդակցությունը շարունակել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Մարտի 9-ին Երեւանի բնակիչ, 31-ամյա տղամարդը ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությանը պատկանող եւ իր կողմից շահագործվող «Ֆոլքսվագենի» դուռը չպարզված հանգամանքներում բացել ու սրահի խցիկը կոտրելով՝ գողացել են ներկրված ավտոմեքենաների մաքսավճարի համար նախատեսված 10 միլիոն 300 000 դրամը: «Ֆոլքսվագենը» կայանված էր Գյումրիի Հյուսիսային մաքսատան տարածքում։ Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ հաստատվել են տուժողի հաղորդմամբ նշված հանգամանքները, եւ նույն օրը գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Պարզվել է, որ գողությունը կատարել են երեւանցի 32 եւ 36 տարեկան երկու տղամարդիկ։ Մարտի 15-ին նրանք հայտնաբերվել, կասկածանքով բերման են ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք։ Պարզվել է, որ 36-ամյա տղամարդը մեքենայի դուռը բացել էր կրկնօրինակ բանալիով, որը նրան տվել էր իր հետ բերման ենթարկված հանցակիցը։ Իրավապահները պետք է պարզեին, թե որտեղից նրանց կրկնօրինակ բանալին։

Նույն օրը Կումայրիի բաժին է հրավիրվում հաղորդում տված 31-ամյա տղամարդը եւ ներկայացվում քննչական մարմնին։ Իրականացված քննչական գործողություններով պարզվում է, որ հենց նա էր 32-ամյա տղամարդուն նախապես փոխանցել «Ֆոլքսվագենի» բանալին։ Երեքն էլ ձերբակալվել են։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների արդյունքում հաղորդում տված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը, իսկ 32 եւ 36 տարեկան տղամարդկանց՝ վերոհիշյալ արարքին հանցակցելու հատկանիշներով։

 

 

ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ ԵՆ

Մարտի լույս 30-ի գիշերը ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել։ Քաջարանի ոստիկանները նկատել են, որ խանութի սրահից դիմակավորված անձ է դուրս եկել ու փախել, իսկ եւս երկուսը խանութում են։ Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետը ներկայանալով պահանջել է հանձնվել։ Այդ ընթացքում դիմակավորված անձինք ինքնաձիգով կրակել են։ Գնդակը, բարեբախտաբար, ոստիկանին չի դիպել։ Բաժանմունքի պետը սկսել է բանակցել։ Տագնապով օգնության են հասել Սյունիքի մարզային վարչության ու տարածքային բաժինների օպերատիվ խմբերը՝ վարչության պետի գլխավորությամբ։ Բանակցությունները շարունակվել են, ինչի արդյունքում դիմակավորված անձինք դուրս են եկել խանութից, բերման ենթարկվել ու ձերբակալվել։ Նրանք Քաջարան քաղաքի 28 եւ 30 տարեկան բնակիչներ են։

Ժամեր անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու բերման են ենթարկել խանութից փախած անձին, որը եւս ձերբակալվել է։ 29-ամյա երիտասարդը նույնպես Քաջարանի բնակիչ է։ «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու «Ջ-1» նռնակն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

 

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝

Կառավարությունը սահմանեց քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը:

Նախագծում նշված է, որ քրեակատարողական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ միջազգային մի շարք հեղինակավոր փաստաթղթերով ամրագրվել է քրեակատարողական ծառայողների պարտադիր ու շարունակական վերապատրաստումների պահանջը (Եվրոպական բանտային կանոնների 81.2 կետի համաձայն՝ «Բանտային աշխատակիցներն իրենց ողջ կարիերայի ընթացքում պետք է մասնակցեն շարունակական վերապատրաստումների, որպեսզի կատարելագործեն իրենց գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները, իսկ ՄԱԿ-ի «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» 47.1-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ աշխատանքի ընդունվելուց հետո եւ հետագա ամբողջ գործունեության ընթացքում այդ աշխատակիցները պետք է պահպանեն ու բարձրացնեն իրենց որակավորումը` համապատասխան պարբերականությամբ աշխատանքից չկտրված վերապատրաստման դասընթացներ անցնելով), այնինչ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը կարող է իրականացվել կա՛մ կատարողականի գնահատականի հիմքով (որպես պարտադիր պահանջ), կա՛մ կամավորության սկզբունքով (մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման համար): Հետեւաբար, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վերապատրաստման ինստիտուտի ներկա կարգավորումներն ընդունակ չեն պատշաճ եւ ամբողջական ապահովելու քրեակատարողական ծառայողների պարտադիր վերապատրաստման միջազգային սկզբունքների կատարման երաշխիքները:

 

 

ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ Է

Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետեւանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի եւ Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի Հանրապետության բժշկական հաստատություններում։ Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության  մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։ Երեւան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթեւ, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր»,- հավելել է Արցախի ՄԻՊ-ը:

 




Լրահոս