ՀՀ դատախազությունը 2021թ. ընթացքում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում կատարել է 1189 ստուգում եւ ուսումնասիրություն: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 153 խախտում, ինչը, 2020թ. համեմատ, ավելի է շուրջ 1.5 անգամ: Պատկան մարմիններին ուղարկվել է 16 հաղորդում՝ 2020թ. համեմատ եռակի ավելի, ինչպես նաեւ ներկայացվել է 34 միջնորդագիր՝ 2020թ. համեմատ 70%-ով ավելի: Դրանց հիման վրա վերանայվել է օրինականությանը հակասող 14 եւ կասեցվել օրենսդրությանը հակասող 21 ակտ: Արձանագրվել են մի շարք խախտումներ՝ կապված անձանց պահման պայմանների, դատապարտյալների ուղղման, սոցիալական վերականգնման ուղղությամբ իրականացվող միջոցառումների, ինչպես նաեւ պահվող անձանց օրենքով սահմանված հիմնական իրավունքների, այդ թվում՝ իրենց իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների մասին տեղեկանալու, առողջության պահպանման, բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաեւ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հետ:
ՔԿՀ-ներում տույժի են ենթարկվում գերազանցապես բջջային հեռախոսներ պահելու համար: Այդ հանգամանքը իրավական առումով, որպես պատժի կրման ընթացքում ոչ պատշաճ վարքագծի դրսեւորում, հետագայում խոչընդոտներ է ստեղծում դատապարտյալների համար` օգտվելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի հետագա կրման նպատակով մեկուսացվածության առավել ցածր աստիճանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հնարավորությունից: Պահվող անձինք, բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով, առանձին դեպքերում կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն եւ այլն: Վերջինս կանխելու միակ երաշխիքը դրանց ներթափանցմանն ու հայտնաբերմանն ուղղված կոնկրետ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկելն է, ինչպես նաեւ բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացման նպատակով ռադիոհաճախականությունների խլացուցիչներ տեղադրելը: Պարզվել էր նաեւ, որ անազատության մեջ պահվող անձինք ՔԿՀ-ներում տեղադրված տաքսոֆոններից առանձին դեպքերում չեն օգտվում՝ պատճառաբանելով դրանց սակագնի բարձր արժեքը, տաքսոֆոնների խափանումները, համապատասխան քարտերի բացակայությունը, ինչպես նաեւ շաբաթվա ընթացքում ժամանակացույցին համապատասխան զանգ կատարելու քանակի սահմանափակությունը: Այս խնդիրներին համակարգային լուծում տալու համար ՀՀ արդարադատության նախարարին 2021թ. ուղարկվել է հաղորդում, որով նաեւ առաջարկվել է օրենսդրական առկա կարգավորումների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու ժամանակացույցը քանակական առումով բարելավելու, ինչպես նաեւ մատուցվող հեռախոսակապի գնային բաղադրիչը առավել գրավիչ դարձնելու նպատակով իրավասու մարմինների հետ լուծումներ գտնելու համար: Պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ քրեակատարողական ծառայության համակարգում նախատեսվող բարեփոխումների շրջանակում նախանշված են բարձրացված խնդիրների լուծմանը, ՔԿՀ-ների պահպանության եւ անվտանգության ապահովման խոցելիությունը վերացնելուն ուղղված միջոցառումներ: Անազատության մեջ գտնվող անձանց առողջապահական իրավունքների պաշտպանվածության վիճակի ուսումնասիրություններով պարզվել է, որ որոշ ՔԿՀ-ներում վերջիններս օրենքով սահմանված կարգով հիմնականում չեն տեղեկացվել բժշկական օգնության եւ սպասարկման ծավալների ու տրամադրման, բուժօգնության դիմելու կարգերի մասին, իսկ առանձին հիվանդություններով տառապող անձինք օրենքով իրենց հասանելիք հետազոտություններն անցել են մասնակի: Այսինքն` պահվող անձանց մեծամասնությունը զրկված է եղել բժշկական օգնության եւ սպասարկման, բժշկական օգնության եւ սպասարկման ծավալների ու տրամադրման կարգի մասին իրազեկված լինելու իրավունքից:
Ն. Պ.
ՌԴ-Ն ԿԴԱԴԱՐԵՑՆԻ՞ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս Ռուսաստանի բանկին եւ «Գազպրոմ» ընկերությանը հանձնարարել էր մինչեւ մարտի 31-ը զեկուցել ոչ բարեկամ երկրներին գազի վաճառքի արժույթը ռուբլով փոխարինելու մասին։ Սա վերաբերվում է Եվրամիության երկրներին, որտեղ արդեն քննարկվում է ռուսական գազից հրաժարվելու հնարավոր տարբերակները։ Ռուսաստանի այս վարքագիծը նախեւառաջ պայմանավորված է ռուբլու փոխարժեքի կայունացման ջանքերով այն դեպքում, երբ վերջինիս արտարժութային պաշարների առնվազն կեսը՝ 300 մլրդ դոլար, սառեցվել են ամերիկյան եւ եվրոպական բանկերում։ Ըստ տնտեսագետ Կարեն Սարգսյանի՝ ներկայումս եվրոպական երկրների կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից բավականին մեծ է։ Ռուսաստանը ապահովում է Եվրոպայի կապույտ վառելիքի ընդհանուր ներմուծման ծավալի ավելի քան 40 տոկոսը։ Թերեւս սա է պատճառը, որ արեւմտյան պատժամիջոցների ցուցակը սահմանափակվում է նավթամթերքներով ու դեռեւս շրջանցում է գազի մատակարարումներից հրաժարումը, ինչը նաեւ ոչ մեկ անգամ հայտարարել են եվրոպական մի շարք երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի եւ Նիդերլանդների ղեկավարները։
«Ռուսաստանը փաստացի չի հրաժարվում գազի մատակարարումից, քանի որ այն վերջինիս արտահանման մեջ գերակշռող ապրանքներից է, իսկ Եվրոպան՝ իր հիմնական շուկան, փորձում է այս կերպ ճնշում գործադրել Եվրամիության վրա՝ գիտակցելով վերջինիս անելանելի վիճակը կարճ ժամանակահատվածում ռուսական գազին այլընտրանք գտնելու հարցում։ Առհասարակ, պայմանագրի ցանկացած պայմանի փոփոխություն, այդ թվում՝ վճարման արժույթի մասով, պետք է համաձայնեցվի մյուս կողմի հետ: Եվ եթե կողմերից մեկը չի համաձայնում, ապա երկու տարբերակ կա՝ կա՛մ շարունակել պայմանագիրը գործող պայմաններով, կա՛մ դադարեցնել այն։ Առաջին տարբերակին Ռուսաստանը դեմ կլինի, երկրորդին՝ Եվրամիության երկրների մի մասը։ Սա ոչ ստանդարտ իրավիճակ է, ու կողմերի հակադիր դիրքորոշումները հարցը կարող են փակուղի մտցնել, իսկ դա որեւէ կողմին օգուտ չի բերի»,- ասում է տնտեսագետը։
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Կառավարության շենքի մոտ երեկ՝ վաղ առավոտից, հավաքվել էին 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրկված, ապա գերեվարված տղաների հարազատները։ Ավելի ուշ հաստատված եւ Բաքվի բանտերում պահվող գերիների հարազատները փորձել են փակել Տիգրան Մեծ պողոտա-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածը։ Քաղաքացիներից մի տղամարդ քարով հարվածել է Կառավարության շենքի մուտքի դռանը, ինչից հետո ոստիկանության կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ նրան բերման են ենթարկել:
ՓԼՎԱԾ ԾԱԾԿԵՐ
Նոյեմբերյան խոշոր համայնքում աննախադեպ քանակի ձյուն էր տեղացել։ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի խոսքով՝ ձյան հաստ շերտից Նոյեմբերյան քաղաքում փլվել է բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը, Բերդավան գյուղում՝ առանձնատներից մեկի տանիքը, համայնքի բնակավայրերում քանդվել են տների պատշգամբների, անասնագոմերի, առանձնատներին կից կառույցների ծածկեր եւ այլն։ Նոյեմբերյանի համայնքապետարանը ձյունառատ օրերին համայնքապետարանի միջոցներով, տեխնիկայով իրականացրել է ձնամաքրման աշխատանքներ համայնքի բնակավայրերում, նաեւ աջակցել ճանապարհաշինական «Լեւոն 2-րդ» ՍՊԸ-ին՝ միջպետական ճանապարհների անցանելիությունը ապահովելու համար: Ձնից մաքրելու աշխատանքները կատարվել են միջհամայնքային գլխավոր ճանապարհներում, ներհամայնքային փողոցներում՝ հատկապես կարեւորություն տալով դեպի գերեզմանատներ, բուժհիմնարկներ, դպրոցներ, մանկապարտեզներ տանող ճանապարհներին: Համայնքապետարանը փորձել է ապահովել բնակավայրերն իրար կապող ճանապարհների անցանելիությունը՝ տեխնիկապես եւ ֆիզիկապես քիչ հնարավորություն ունենալով ձյան շերտից մաքրելու միջբակային փողոցներն ու նրբանցքները։ Համայնքապետարանը հատուկ տեխնիկայի եւ բանվորների միջոցով Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերի կտուրներից հեռացրել է ձյան հաստ շերտը, ձյան մեծ շերտից մաքրել քաղաքի բանուկ փողոցները։
ԹԱԼԱՆ
Խորհրդային տարիներին կառուցված, Հայաստանի անկախացումից հետո չգործող Դիլիջան-Իջեւան-Ադրբեջանի սահման երկաթգծի թալանը սկսվեց 1990-ական թվականների կեսից։ Այդ երկաթգծից գողությունները հիմա էլ շարունակվում են։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Գեւորգ Ադամյանի եւ Չարենցավան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Էրիկ Օհանյանի դատավարությունը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, ուրիշի գույքի գաղտնի հափշատակություն կատարելու շուրջ իրար հետ նախնական համաձայնության գալով, 2021թ. փետրվարի 13-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող, Իջեւան քաղաքի սկզբնամասում գտնվող «Աթոռ» ռեստորանային համալիրի հարակից տարածքում մետաղական պահարաններին ամրակցված 16500 ՀՀ դրամ արժողությամբ 60 հատ ալյումինե հովացուցիչները եւ 10.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 10 հատ ալյումինե շիաները տեխնիկական միջոցների գործադրմամբ հանելով՝ տեղափոխել եւ բարձել են Գ. Ադամյանի կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, սակայն գողությունն ավարտին չեն հասցրել, քանի որ բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։ Գ. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Է. Օհանյանին՝ 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 178 հոդվածի 1-ին մասով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ