Մարտի 31-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 2024 թեստավորում, առողջացել՝ 108 քաղաքացի, մահացել՝ 2 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 519 դեպք, որոնցից 409 987-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2243 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետեւանքով մահվան 8613 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1676: Ընդհանուր կատարվել է 2 975 223 թեստավորում։
ՉՎԵՐԹՆԵՐ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ
Transavia ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 23-ից մեկնարկելու է Փարիզ (Օռլի)- Երեւան-Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի եւ շաբաթ օրերին:
ԲՆԱԿԱՆՈՆ ԿՅԱՆՔԸ ԽԱԹԱՐՎԱԾ Է
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված եւ Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։ Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետեւանքով խաթարվել է Խրամորթ եւ Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետեւանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում՝ կանայք, երեխաներ, տարեցներ։ Տեղահանված անձանց մի մասը ժամանակավոր տեղավորվել է հարազատների եւ բարեկամների բնակարաններում, մի մասն էլ Կառավարության կողմից ապահովվել է ժամանակավոր կացարաններով։ Տեղահանված անձանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ առաջին անհրաժեշտության աջակցություն ստացել են Ասկերանի շրջանի վարչակազմի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, իսկ Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության կողմից իրականացվել է կարիքների գնահատում։
Պաշտպանը լիազոր մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված հետեւյալ խնդիրների վրա.
l տեղահանված անձանց շրջանում առկա է հոգեբանական խոցելիության բարձր աստիճան, անհրաժեշտ է իրականացնել հոգեբանական աջակցության միջոցառումներ,
l որոշ ընտանիքներում արձանագրվել է կենցաղային որոշակի իրերի բացակայություն,
l խախտված է երեխաների կրթության իրավունքը, գործնականում նշված համայնքներից տեղահանված նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաները զրկվել են հարազատ միջավայրում կրթություն ստանալու հնարավորությունից,
l նշված համայնքներից տեղահանված անձանց շրջանում առկա է արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման անհնարինություն։