Սիրված դերասան Արթուր Հակոբյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ստեղծագործական դադարի եւ այլ հարցերի մասին:
-Պարո՛ն Հակոբյան, տեւական ժամանակ է, ինչ հեռուստաէկրաններին չեք երեւում: Ինչու՞:
-Նկարահանումներ երկար ժամանակ չեն եղել, դրա պատճառներից մեկն էլ իմ առողջական խնդիրներն էին: Հիմա, փառք Աստծո, ամեն ինչ լավ է, եւ սիրով ընդունեցի «Պլան Բ» սիթքոմում նկարահանվելու առաջարկը: Մինչ համաձայնելը նախապես ռեժիսորին ասացի՝ սցենարը տվեք կարդամ. եթե հավանեմ, սիրով կընդունեմ: Ամեն դերասան ունի իրեն բաժին հասած հանդիսատեսը: Թող մեծամտություն չհամարվի, ես էլ գիտեմ, որ մարդիկ սիրում են ինձ, եւ ես ուրախ եմ, որ եղավ նման հնարավորություն, եւ իմ ամբողջ էությամբ տրվել եմ նկարահանումներին: Իսկ ինչ վերաբերում է իմ հիվանդությանը, միայն կարող եմ ասել, որ շնորհակալ եմ իմ բուժող բժիշկներին:
-Հետաքրքիր է՝ ինչպես հաղթահարեցիք այդ ընթացքը:
-Իմ կողքին էին բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ համար թանկ էին, ես էի նրանց համար թանկ:Կողքիս էին նաեւ իմ ընկերները: Ում ուզում եք, հարցրեք, անպայման թիկունքից հարվածողներ եղել են: Դա է կյանքը: Միակ բանին, որ ես դեմ եմ, դա պատերազմն է: Ինձ համար դա թաղում է: Ես այդ մասին հասկացա 60 տարեկանում, մի օր կխաղանք, մի օր չենք խաղա, մի օր լավ, մի օր վատ, բայց պատերազմի թողած հետքերը չեն անցնում: Այս աշխարհում կա մի մարդ, ում կարող եմ վստահել. դա իմ որդին է: Ես իմ կնոջն ու դստերն էլ եմ շատ վստահում, բայց որդիս ուրիշ է: Մարդու համար աշխարհում ամենաերջանիկ օրը, երբ ինքն է երեխա ունենում, երկրորդը, երբ զավակն է ամուսնանում, եւ ինքն է երեխա ունենուն: Կարծում եմ՝ դրանից երջանիկ բան չկա: Առհասարակ ինձ երեխաներս շատ են երես տալիս, իրենք են ինձ համար հագուստներ ընտրում, աղջիկս հատկապես պետք է նայի, թե ես ինչ եմ հագել տանից դուրս գալիս:
-Պարո՛ն Հակոբյան, Դուք այն քիչ դերասանների թվում եք, ովքեր իսկապես ընդունված եւ սիրված են հանդիսատեսի կողմից: Հաճա՞խ եք օգտվում այդ փաստից:
-Բացառապես: Ես երբեք եւ երբեւէ չեմ օգտվել իմ կարգավիճակից եւ տանել չեմ կարողանում այն դերասաններին, որոնք օգտվում են: Դա պարգեւ է, ինչպես նաեւ մեծ պատասխանատվություն:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԼԱՎԱԳՈՒՅՆ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը ճանաչվել է ՄԼՍ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ: ՄԼՍ-ի նոր մրցաշրջանի առաջին ամսվա լավագույն ֆուտբոլիստը` Լուկաս Սելարայանը, 4 հանդիպման ընթացքում խփել է 4 գնդակ եւ կատարել է 2 արդյունավետ փոխանցում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախորդ երկու ընկերական խաղերին Սելարայանը չմասնակցեց վնասվածքի պատճառով:
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից երկրների թիվն ավելացավ եւս երկու թիմով: Մունդիալ-2022-ին մասնակցելու իրավունք ձեռք բերեցին Մեքսիկայի եւ ԱՄՆ ընտրանիները: Ավելի վաղ աշխարհի առաջնության մասնակցության ուղեգիր էին նվաճել նաեւ հետեւյալ թիմերը` Կատար, Գերմանիա, Դանիա, Բրազիլիա, Բելգիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Իսպանիա, Սերբիա, Անգլիա, Շվեյցարիա, Նիդերլանդներ, Արգենտինա, Իրան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Սաուդյան Արաբիա, Ուրուգվայ, Էկվադոր, Կանադա: Այժմ աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը նվաճել է 20 երկրի հավաքական: Մունդիալին կմասնակցի 32 երկիր: Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Կատարում: Պատմության մեջ առաջին անգամ Մունդիալը կանցկացվի ձմռանը` նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ
Ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» խաղարկային կարճամետրաժ կինոնկարն ընդգրկվել է Պորտուգալիայում անցկացվող IndieLisboa International Film Festival 19-րդ փառատոնի մրցութային ծրագրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Կինոկենտրոնի պետական աջակցությամբ եւ «Փոուզ Մեդիա» ընկերության կողմից նկարահանված ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Օվսաննա Շեկոյանն է, պրոդյուսերը եւ օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը:
ԿՀԵՌԱՆԱ ԹԻՄԻՑ
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն մտադիր է ամռանը հեռանալ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից: Նա չի կարողանում դրսեւորվել պորտուգալացի մասնագետի մարտավարական դասավորություններում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական «Մարսելը»։ Վերետուն հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ, որն առաջարկել էր նրան տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ։ Վերետուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ «Ռոման» նրա տրանսֆերից ակնկալում է 15 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Վերետուն «Ռոմայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։