ՔՊ-ՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ լուրջ տարաձայնություններ կան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ մերձիշխանական աղբյուրներն են հայտնում` Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցությունը մի քանի թեւերի է բաժանվել, ու ամեն մեկն իր «պայքարն» է տանում։ Բանն այն է, որ ՔՊ-ն առաջիկայում վարչության նոր կազմ պետք է ընտրի, որտեղ ընդգրկվելու ցանկություն թե՛ գործող անդամները, թե՛ ՔՊ-ական պատգամավորներն ունեն։ «Քանի որ այս անգամ ՔՊ վարչության կազմը կրճատվելու ու 21-ից 15 է դառնալու, հետեւաբար պայքարն այժմ ավելի է շիկացած. բոլորը ցանկանում են բաղձալի 15-ում հայտնվել։ Վերընտրվելու համար համառ պայքար է մղում պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում, սակայն, թիմի ներսում միանշանակ չեն ընդունում։ Ավելին` երբ ցանկություն էր հայտնել բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար դառնալ, նրան վարչությունում կտրուկ «ոչ» էին ասել։ Չընտրվելու մտավախություն նաեւ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն ունի, ով նույնպես այդքան էլ սիրելի ու ընկալելի չէ ներսում», -ասաց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է ԱԺ ՔՊ-ական պատգամավորներին, ապա, ըստ մեր տեղեկությունների, գրեթե բոլորն էլ մտադիր են առաջադրվելու ու ընտրվելու, առաջամարտիկներից է Վահագն Ալեքսանյանը, ցանկություն ունեն նաեւ Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Զեյնալյանն ու այլք։ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ԱԺ-ական իր թիմին է ցանկանում ՔՊ վարչությունում տեղավորել՝ ի դեմս պատգամավոր Հասմիկ Հակոբյանի: Մի խոսքով, անչափ թեժ իրավիճակ է, կարելի է ասել` իրար կոկորդ են կրծում։ Միմյանց հետ են բանակցում, մտածում` ինչ մեթոդներ բանեցնեն, որ իշխող կուսակցության վարչության կազմում հայտնվեն։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը որեւէ բան չի ասում` ում ընտրեն, ինչ անեն, որեւէ մեկին չի ուղղորդում։ Ասել է` սա դուք, սա` կուսակցությունը», – ավելացրեց մեր աղբյուրը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների  համաձայն՝ Սահմանադրական դատարանը ԲԴԽ  նախագահի  ժամանակավոր  պաշտոնակատար  Գագիկ  Ջհանգիրյանի  դեմ  որոշում է կայացնելու։ Մեզ հասած  տեղեկությոնների  համաձայն՝ Գագիկ  Ջհանգիրյանը  այս  օրերին  հանդիպել  է ՍԴ  նախագահ  Արմեն Դիլանյանի  հետ՝ փորձելով  ըննդեմ  իր  որոշման ելքեր  գտնել, սակայն  ստացել է  մերժում: Իսկ  ի՞նչ  որոշման  մասին  է  խոսքը: 2021 թվականի  սեպտեմբերի  23-ին  սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտնել էր, որ Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է  ներկայացվել  ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը  վիճարկելու: Եվ, ահա, մեզ  հասած  տեղեկությունների համաձայն՝ ՍԴ-ն   որոշել  է ընդդեմ Գագիկ  Ջհանգիրյանի  որոշում  կայացնել: Ստեղծված  իրավիճակի  շուրջ զրուցեցինք  ԲԴԽ  նախագահի  ժամանակավոր  պաշտոնակատար Գագիկ  Ջհանգիրյանի  հետ, որը  նշեց. «Ինչ  որոշում  ցանկանում  են  թող  կայացնեն,  մեռնեմ օրենքին»: Ի  դեպ, Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու եւ նրա պաշտոնավարման իրավաչափության հարցը բարձրացվել է նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից, որը դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով հայտարարություն հրապարակել՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ, որը  մերժվեց:

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել Գլխավոր դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի դրվագներ է առանձնացրել ներկայացրած տվյալներից: Ըստ այդմ, 2021 թվականին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 950 դեպք, որոնցից 105-ը՝ կաշառք ստանալու, 80-ը՝ կաշառք տալու, ընդ որում՝ 2020 թվականի համեմատ՝ էական փոփոխություններ են եղել. այդ տարի կաշառք ստանալու դեպքերը եղել են 85, ստանալունը՝ 55: 2021-ին պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման 129 դեպք է եղել՝ նախորդ տարվա 160-ի համեմատ։ Այստեղ նվազում ենք արձանագրել: Փողերի լվացման վերաբերյալ 2021 թվականի ընթացքում նախապատրաստվել է 22, իսկ 2020 թվականին՝ 14 նյութ, որոնցից 21-ով հարուցվել է քրեական գործ, իսկ մեկով քրեական գործի հարուցումը մերժվել է: Հաշվետվության մեջ ըստ ոլորտների նաեւ առանձնացված են, թե ում է մեղադրանք առաջադրված, ըստ այդմ՝ Զինված ուժերի ոլորտում մեղադրանք է առաջադրվել  1 նախկին փոխնախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, նրա տեղակալի, հրետանու պետին, զորամասերի, գումարտակի հրամանատարների եւ այլն: Զինված ուժերում առաջադրված մեղադրանքներից շատերն ուղիղ կերպով կապված են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ, քանի որ այդ գործով քննություն է ընթանում:

 

 

 

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնած «վերելակային հեղափոխության» գործընթացում անհամապատասխանություններ են հայտնաբերվել: Մինչ այդ նշենք, որ փոխարինման ենթակա վերելակները խմբավորվել են չափաբաժիններով՝ ըստ վարչական շրջանների:  Հասցեների ընտրությունը կատարվել է՝ վարչական շրջանների կողմից ներկայացված փոխարինման առաջնահերթությունների հիման վրա: Պարզվում է, սակայն, վերելակների փոխարինման առաջնահերթությունների ընտրանքը վարչական շրջանների կողմից կատարվել է առանց համապատասխան չափորոշիչներ սահմանելու: Բացի այդ, քաղաքապետարանի հայտարարության հրավերում նշված չի եղել խորանի խորությունը, եւ որոշ տեղերում սխալ է նշված վերին հարկի բարձրությունը: Ավելին, ըստ կնքված պայմանագրի՝ «ՌաֆելԳրիգ» ընկերությունը պարտավորվել է փոխարինված վերելակների տեղադրումից հետո 12 ամիս իրականացնել տեխնիկական սպասարկում: Հաշվեքննիչ պալատի կողմից ուսումնասիրվել են Էրեբունի վարչական շրջանի «Արգիշտի» համատիրության բազմաբնակարան շենքերում փոխարինված 16 վերելակների անձնագրերը: Պարզվել է, որ բոլոր անձնագրերում տեխնիկական սպասարկման աշխատանքների գրանցման համար նախատեսված էջերում համապատասխան գրառումները բացակայում են:  Ի դեպ, տեխնիկական սպասարկման աշխատանքների արժեքը ներառված է պայմանագրի մեջ:

 




Լրահոս