ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին նախարարի նվեր ստացած բնակարանն ու հայտարարագիրը. ինչ ունեցվածք ունի Անդրանիկ Փիլոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, որն այժմ կալանավորված է, 2019 թվականին բնակարան է նվեր ստացել:

ArmLur.am-ը ուսումնասիրել է Անդրանիկ Փիլոյանի ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ ներկայացրած հայտարարագրերը:
Սկսենք 2018 թվականի տարեկան հայտարարագրից, երբ նա 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր: Այսպես, 2018 թվականի վերջին նա 4 մլն 200 հազար դրամով վաճառել է Toyota Land Cruser մակնիշի ավտոմեքենա: Նույն տարում հանձնած փոխառությունը կազմել է 11 հազար 500 դոլար: Իսկ դրամակն միջոցները 2018-ի վերջին կազմել են 200 հազար դրամ եւ 11 հազար 500 դոլար: 2018-ին Փիլոյանը ամսական ստացել է 492 հազար դրամ: Մեկ տարի անց՝ 2019-ին, Փիլոյանը բնակարան (Արաբկիր վարչական շրջանում) է նվեր ստացել: Գործարքի մյուս կողմը Հայաստանի պաշտպանության նախարարությունն է, ձեռք բերված անշարժ գույքի գինը կազմել է 2 մլն 170 հազար դրամ: Ենթադրվում է, որ Փիլոյանը այդ բնակարանը ստացել է զինվորականների համար նախատեսված բնակարանային ձեռքբերման ծրագրից:

Պարզվում է՝ 2019 թվականը Փիլոյանի համար ձեռքբերման տարի է եղել. նա այդ տարում 650 հազար դրամով գնել է 2009 թվականի արտադրության Nissan Tida մակնիշի ավտոմեքենա: Թե ինչպես է Փիլոյանը հաջողացրել այդ գնով ձեռք բերել մեքենա, հայտնի չէ: Ունեցած փոխառությունը տարեվերջին կազմել է 10 հազար դոլար: Իսկ բանկային հաշվին առկա է եղել 200 հազար դրամ: Կանխիկ դրամը կազմել է 150 հազար դրամ: Փիլոյանը 2019-ին ամսական ստացել է 578 հազար դրամ աշխատավարձ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Փիլոյանը 2020 թվականին հայտարարագրել է, որ ունի մեկ հողամաս եւ մեկ բնակարան: Նույն տարում նրա ունեցած ավանդը կազմել է 11 հազար 983 դոլար եւ 2 մլն դրամ: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 100 հազար դրամ, կանխիկ դրամը՝ 130 հազար դրամ: 2020-ին եկամուտը գոյացել է երկու վայրից ստացած աշխատավարձից՝ ՀՀ պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններից, որն ընդհանուր կազմել է 10 մլն 773 հազար դրամ, ամսական՝ 897 հազար դրամ:

Փիլոյանի կնոջ՝ Մետաքսյա Պողոսյանի հայտարարագրում նշված է, որ տարեվերջին ավանդները կազմել են 25 հազար 424 դոլար եւ 1552 եվրո: Կանխիկ դրամը կազմել է 85 հազար դրամ: Փիլոյանի դուստրը՝ Տաթեւիկ Փիլոյանը հայտարարագրել է 300 հազար դրամ ստացած աշխատավարձը, բացի այս, նա 2020-ին ունեցել է 250 հազար դրամ գումար: Իսկ որդին՝ Տիգրան Փիլոյանը, 2019 թվականին ձեռք է բերել 2009 թվականի արտադրության Nissan մակնիշի ավտոմեքենա: Կրտսեր Փիլոյանի կանխիկ դրամը 2020 թվականին կազմել է 1 մլն դրամ: Իսկ եկամուտը երկու վայրից ստացած աշխատավարձն է, որը ընդհանուր կազմել է 1 մլն 100 հազար դրամ:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ մեղադրանք է առաջադրվել արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։
Ի դեպ, ArmLur.am-ը գրել էր, որ նախաքննական մարմինը բացահայտել է, որ 2020 նոյեմբերի 20-ին նախկին նախարար Փիլոյանը բնակարան է ձեռք բերել, սակայն այն իր ներկայացրած հայտարարագրում չկա, ինչի մասով եւս կոմիտեում քննություն է կատարվում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս