ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻՆ ՉԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի ճանաչված Էվա Խաչատրյանն այս պահին աշխատանքային եւ ստեղծագործական բուռն զբաղվածություն ունի Կամերային թատրոնում։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին։

 

«Այս պահին երկու նոր ներկայացման փորձեր են ընթանում թատրոնում՝ մեկը Արա Երնջակյանի «Ծննդյան վկայական» վերնագրով ստեղծագործությունն է, եւ հենց այս պահին այդ գործի վրա ենք աշխատում եւ հուսանք՝ կունենանք պրեմիերա, երկրորդը Հովհաննես Աբրահամյանի «Կուլիսում» կամ «Թատրոնի անատոմիա» ներկայացումն է. սրանք դեռ աշխատանքային վերնագրերն են եւ դեռ քննարկման ենթակա են։ Դերակատարներն են Սենիկ Բարսեղյանը, Մխիթար Ավետիսյանը, Ժորա Ավետիսյանը եւ ես։ Մի խոսքով, շատ հետաքրքիր եւ տպավորիչ ներկայացումներ են սպասվում»-նշեց Էվան։

Էվա Խաչատրյանի փոխանցմամբ՝ թեեւ տեւական ժամանակ է, ինչ հեռուստաէկարններին չի երեւում, սակայն չի տխրում, այս փուլում էլ մասնակցում է կաստինգներին, բայց այնքան էլ համոզված չէ, որ կանցնի:

«Թերեւս այս պահին այսքանը, ուրիշ նկարահանումներ դեռ չունեմ»,- ամփոփ հավելեց նա։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում դերասանուհին ասել էր. ««Մենք երբ ստեղծում էինք «Հինգ պատմություն», որը դարձավ վեց պատմություն սիրո մասին ներկայացումը, ռեժիսորը՝ Դավիթը, ինձ ասաց՝ Է՛վ, դու արա այն, ինչ մենք մտածել ենք, ու դու այս ներկայացման համար «Արտավազդ» ես ստանալու, եւ վերջում հենց այդպես էլ եղավ: Իրականում շատ մեծ աշխատանք ենք կատարել, եւ մեծամտություն թող չթվա, բայց հեշտ բան չէ մի քանի վայրկյանում կարողանալ մի կերպարից անցնել մեկ այլ կերպարի մեջ եւ մեկուկես ժամում խաղալ 6 տարբեր կերպար: Շատ հաճելի անակնկալ էր ինձ համար: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ստեղծագործող մարդ, ով ինչ-որ արժեքավոր գործ է ներկայացնում, սպասում է նման մրցանակի»:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ թատրոնի միջազգային օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց 21-րդ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին: «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը «Հինգ պատմություն՝ սիրո մասին» ներկայացման համար:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԱՊՐՈՒՄ

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Մայրության նկատմամբ մշտապես եղել է եւ կա պաշտամունքի հասնող վերաբերմունք, ինչի վառ ապացույցն են մոր նկատմամբ սիրո եւ երախտագիտության դրսեւորումները համաշխարհային արվեստում ու մշակույթում:

 

ArmLur.am-ը, օրվա խորհրդին համահունչ, հետաքրքիր նյութ է պատրաստել  կանանց երկարակեցության գաղտնիքների մասին:

Ինչպե՞ս կյանքը երկարացնել մինչեւ 125 տարի. Բժշկական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Համաշխարհային վիճակագրական տվյալները փաստում են, որ կանանց կյանքի տեւողությունն ավելի երկար է, քան տղամարդկանցը։ Հերոնտոլոգիայի գիտությանը վերաբերող այս հարցը դեռեւս մնում է անպատասխան։ Այս երեւույթի վրա ազդող մեխանիզմների բացատրության բազմաթիվ վարկածները կան, սակայն դրանցից գեթ ոչ մեկը վերջնականապես հաստատված կամ հերքված չէ։

Կենսաբանորեն կանանց իմունային համակարգի վրա տեստոստերոնների արգելակող ազդեցությունն ավելի թույլ է, քան տղամարդկանց դեպքում։ Կինը համարվում է վերարտադրության, սերունդների մեծացման արժեքավոր օղակ, ինչը իրենից ենթադրում է մարմնի ավելի մեծ պլաստիկություն եւ բարելաված գոյատեւման պայմաններ։ Աշխարհի երկարյակաց մարդկանց ցուցակը գլխավորում են կանայք, որոնք ապրել են աշխարհի տարբեր երկրներում։ Երկարամյա կանանց ցուցակը գլխավորում է Ժաննա Կալմանը։ Նա ծնվել է 1875 թվականի փետրվարի 21-ին, իսկ մահացել է 1997 թվականի օգոստոսի 4-ին Ֆրանսիայում։ Ապրել է 122 տարի 164 օր։ Այսօրվա դրությամբ նա միակ մարդն է աշխարհում, ով ապրել է 120 տարուց ավելի։ Նա տնային տնտեսուհի էր, ով ուներ մեկ որդի եւ ապրում էր սովորական կյանքով։ 95 տարի օգտագործել է ծխախոտ եւ խմել ֆրանսիական գինի, զբաղվել է սուսերամարտով եւ մինչեւ 100 տարեկան վարել հեծանիվ։ Երկրորդը Սարա Նոսսն է, որը ծնվել է 1880 թվականի սեպտեմբերի 24-ին, իսկ մահացել է 1990 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ապրելով 119 տարի 97 օր։ Կանե Տանակո, ով ծնվել է 1903-ի հունվարի 1-ին Ճապոնիայում, մինչ օրս կենդանի է, 119 տարեկան 60 օրական է։

 

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ Է ՀԱՍԵԼ

Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միությունը համաձայնության է հասել Ռոնալդ Կումանի հետ, որը 2023թ. հունվարի 1-ից կգլխավորի ազգային հավաքականը՝ փոխարինելով 70-ամյա Լուի վան Գալին: 59-ամյա Կումանը երկրորդ անգամ կգլխավորի Նիդեռլանդների հավաքականը։ Նա թիմը ղեկավարել է նաեւ 2018-2020 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել «Բարսելոնա», որը նրան հեռացրեց 2021թ. հոկտեմբերին։ Վան Գալի պայմանագիրը Նիդեռլանդների հավաքականի հետ նախատեսված է մինչեւ Քաթարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ն անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ավարտը։ Լուի վան Գալը հայտնել էր, որ շագանակագեղձի քաղցկեղի դեմ բուժում է ստանում, սակայն հիվանդությունը նրան չի խանգարի շարունակել աշխատանքը հավաքականում մինչեւ պայմանագրի ավարտը։

 

 

 

ՊԱՀԱՆՋԵԼ Է

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի 26-ամյա հարձակվող Սերժ Գնաբրին մյունխենյան ակումբից պահանջել է աշխատավարձի բարձրացում: Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն առայժմ բանակցում են միայն «Բավարիայի» հետ, թեեւ Գնաբրիի ծառայություններով հետաքրքված են Մադրիդի «Ռեալը», անգլիական «Լիվերպուլը», ֆրանսիական ՊՍԺ-ն։ Գնաբրին նոր պայմանագրով ցանկանում է ստանալ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ՝ հավասարվելով թիմի խաղացողներ Քինգսլի Քոմանին եւ Լերոյ Սանեին։ Այժմ Գնաբրին ստանում է 10 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Գնաբրին մասնակցել է 28 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

 

 

«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ը՝ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տարեվերջին տեղի կունենա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. հայտնում են Եվրոպական հեռարձակողների միությունը եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երեւանում: Անելու ենք առավելագույնը, որ «Մանկական Եվրատեսիլ»-ն իր կոնցեպտով եւ շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար»:

 




Լրահոս