ՊԱՅՔԱՐԻ ԶՐՈՅԱՑՈՒՄ՝ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի, Արցախում բնակվող հայերի մասին հիշատակումներ չկան: Ըստ ծնունդով արցախցի, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ այդ հանգամանքը 30 տարիների պայքարի զրոյացում է նշանակում: «Մարդիկ 1988-ից շարժում են սկսել, հողը պաշտպանելու համար 1991-ին զենք վերցրել, անկախություն են հռչակել: 30 տարիներին արցախահայությունն ապահովել է Հայաստանի անվտանգության իր բաժինը, իսկ հիմա Արցախի մասին խոսք անգամ չկա»:

Պողոսյանը չի բացառում, որ կողմերի միջեւ կարող է անգամ բանավոր համաձայնություն եղած լինի, որ Արցախ, կարգավիճակ, եզրույթները չեն հիշատակում: «Իսկ եթե դա այդպես է,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է Պողսյանը,- ապա նշանակում է, որ  Հայաստանի գործող իշխանությունները սպասարկում են Ադրբեջանի շահերը»:

Հայտարարության մեջ ԵԱՀԿ Միսկի խմբի մասին նույնպես որեւէ նշում չկա, դա էլ, ըստ մեր զրուցակցի, նշանակում է հրաժարվել խոսել Արցախի կարգավիճակից: Այս ամենը, վստահ է նախկին պատգամավորը, Ադրբեջանի ճնշումներն են, ու բոլորիս պետք է դաս լինի, որ խելքի գանք: «Կա՛մ այնպես անենք, որ գլխավոր բանակցողը գիտակցի ու հեռանա, կա՛մ եթե անգամ օտար երկրները Արցախի մասին բանաձեւ ընդունեն, ապա հասկանան՝ դա ո՛չ կյանքի կոչվելու, ո՛չ էլ աշխատելու է»,- եզրափակում է Թեւան Պողոսյանը:

 

 

 

Ապրիլի 12-ին մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 14 հիմնական եւ չորս լրացուցիչ հարցեր։ Ընդ որում՝ օրակարգում մի քանի ընտրություններ են, եւ պատգամավորները երկարատեւ քննարկումներ կունենան։ Ըստ այդմ, Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեք անդամներ պետք է ընտրեն, քննարկեն Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումը եւ քննարկեն նաեւ Կառավարության՝ նախորդ տարվա գործունեության արդյունքները։  Ազգային ժողով կայցելի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության անդամները եւ ներկայացնելով կատարողականը՝ կպատասխանեն նաեւ պատգամավորների հարցերին։ Ընդդիմադիր պատգամավորներին առաջարկում են քննարկել նաեւ հրատապ հարց, որն առնչվում է գնաճին, սակայն դեռ հայտնի չէ` ՔՊ-ական պատգամավորները կողմ կքվեարկեն այդ նախագծին, թե ոչ։ Ընդդիմադիրներն առաջարկում են նաեւ ԱԺ հրավիրել պատկան մարմինների ներկայացուցիչներին։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների  համաձայն՝ Հակակոռուպցիոն  կոմիտեն  նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին, հրավիրել  է կոմիտե՝ հարցաքննության: Ավելին՝ քրեական  գործը Գլխավոր  դատախազության կողմից երկրորդ  անգամ կոմիտե  ուղարկելու  ժամանակ  կրկին  հարցաքննության  են  հրավիրվել  Շանթի  Յուրա անունով  հայտնի Յուրա  Ղարիբյանը  եւ գործարար  Արշավիր  Սարգսյանը, որոնք  Հովսեփյանի  որդու  հետ  բիզնես  կապերի  մեջ  են  եղել: Եվ, ահա, 7ամիս անց հերթական  անգամ  Հակակոռուպցիոն  կոմիտեն քրեական գործով նախաքննությունն ավարտել է: Պաշտպաններին ժամանակ է տրամադրվել նյութերին ծանոթանալու համար՝ լրացուցիչ մասով: Գործը դեռ դատարան չի ուղարկվել: Աղվան  Հովսեփյանը  արդեն  շուրջ  7 ամիս  է, ինչ  կալանքի  տակ  է եւ գտնվում  է «Երեւան  Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկում:

 

 

Երեւանում բնակարանների գները շեշտակի աճել են: Պաշտոնապես մայրաքաղաքում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի ոչ բոլոր վարչական շրջաններում: Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ գինը գերազանցել  է 1400 դոլարը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Կենտրոնում բնակարանի մեկ քմ փետրվարին վաճառվել է 690 հազար 550 դրամով, մինչդեռ փետրվարին այն կազմել է 683 հազար դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում 7550 դրամով թանկացել է: Բնակարանի այսչափ թանկացումը մեկ ամսվա ընթացքում մտահոգիչ է հատկապես Հայաստանի նման երկրում: Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 7100, Ավանում՝ 3400 դրամով, Մալաթիայում՝ 4100 դրամով, իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 2300 դրամով: Նշենք, որ Աջափնյակում բնակարանի մեկ քմ-ի գինը մնացել է նույնը, այն ե՛ւ հունվարին, ե՛ւ փետրվարին վաճառվել է 331 հազար դրամ: Բայց եթե մեկ տարվա տարբերությամբ դիտարկենք, ապա կտեսնենք, որ այս վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 29000 դրամով: Շենգավիթ, Դավիթաշեն վարչական շրջաններում եւս բնակարանի գինը բարձրացել է: Բնակարանի մեկ քմ-ի գինը Նուբարաշենում բարձրացել է ե՛ւ անցյալ տարվա փետրվարի, ե՛ւ այս տարվա հունվարի համեմատ. մեկ քմ-ի գինն արժե 191 հազար դրամ:

 




Լրահոս