ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը ցանկություն են հայտնել արագորեն առաջ շարժվել  խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ եւ հանձնարարել են արտգործնախարարներին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը, որը «անդրադառնալու է բոլոր անհրաժեշտ հարցերին»։ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ավելի քան չորս ժամ տեւած բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները երեկ պայմանավորվել են մինչեւ ամսվա վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի երկու երկրների սահմանազատմամբ՝ դելիմիտացիայով, ինչպես նաեւ ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։

 

Այս մասին բանակցություններից հետո հայտարարեց Եվրոպական խորհդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը՝ մանրամասնելով, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը ցանկություն են հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ եւ հանձնարարել են արտգործնախարարներին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը, որը «անդրադառնալու է բոլոր անհրաժեշտ հարցերին»։ Թե որոնք են այդ հարցերը, չի նշվում։ «Չեմ թերագնահատում երկու կողմերի առջեւ ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները, սակայն զգում եմ, որ ընդհանուր կամք կա՝ առաջնընթաց ապահովելու, համագործակցելու համար, հստակեցնելու՝ որոնք են առաջնահերթությունները եւ կոնրետ քայլերը, որոնք կարող են անել միասին», – ասել է Միշելը։

Նա ընդգծել է, որ կողմերի զինված ուժերի համապատասխան հեռավարության վրա գտնվելը լարվածության նվազման եւ միջադեպերի կանխարգելման կարեւոր տարր է։ Բայց թե ինչպես է այս խնդրին արձագանքել Ադրբեջանի նախագահը, եւ արդյոք այս հարցում համաձայնություն կա կողմերի միջեւ, կրկին չի նշվում։ Եվրոպական խորհուրդը նշում է, որ երկու կողմերի մարդասիրական ժեստերը կարեւոր են վստահության եւ խաղաղ գոյակցության խթանման համար` շեշտելով, որ անհրաժեշտ է արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։ Եվրամիությունը եւս մեկ անգամ ընդգծում է, որ պատրաստ է աջակցել այդ, ինչպես նաեւ փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված նախաձեռնությունները, ականազերծման ջանքերը, պատերազմի հետեւանքով տուժած բնակչությանը, վերականգնմանն ու վերակառուցմանը։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները քննարկել են նաեւ հաղորդակցական ուղիների վերագործարկման հարցը։ Շառլ Միշելը ողջունել է երկաթգծի վերաբացմանն ուղղված ջանքերը՝ հորդորելով քայլեր ձեռնարկել նաեւ ավտոճանապարհների գործարկման ուղղությամբ։ Նշել է, թե Եվրամիությունը իր Տնտեսական ու ներդրումային ծրագրի (EU Economic and Investment Plan) միջոցով պատրաստ է աջակցել այդ ծրագրերին։ Բանակցություններից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Եվրոպական խորհրդի նախագահը ոգեւորված էր, սակայն դժվարացավ որեւէ ժամկետ նշել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երբ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. «Գերազանց ու շատ արդյունավետ հանդիպում էր նախագահ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվրամիության համար հույժ կարեւոր է Հարավային Կովկասում կայունությունը, անվտանգությունը եւ բարգավաճումը։ Այս պատճառով ենք մենք ներգրավված՝ աջակցելու դրական բոլոր ջանքերին ու վստահության ամրապնդման միջոցներին, եւ այս երեկո մենք լուրջ առաջըթնաց ունեցանք»։ Բրուսելյան բանակցություններից հետո կողմերից ոչ մեկը չհիշատակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, որի շրջանակում ղարաբաղյան կարգավորումը շարունակելու մասին բազմիցս հատկապես վերջին օրերին պնդում էր պաշտոնական Երեւանը։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունում միայն նշված է. «Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին»։ Առայժմ անպատասխան է հարցը՝ արդյոք Բաքուն ընդունել է հայկական կողմի առաջարկն ու պատրաստ է խաղաղության պայմանագրի բանակցություններում ներառել նաեւ Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱԳՆ-Ի ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Սառը պատերազմի արդյունք լինելով՝ ՆԱՏՕ-ն վաղուց արդեն պետք է «պատմության մաս» դարձած լիներ,- ասել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ մեկնաբանելով:- Ես չեմ կարող մեկնաբանել հիպոթետիկ իրադարձությունները, բայց Չինաստանի դիրքորոշումը դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ շատ հստակ է. ՆԱՏՕ-ն սառը պատերազմի զավակն է, որն արդեն վաղուց պետք է «պատմության մաս» դարձած լիներ:

 

 

ՏՈՒԳԱՆՔԻ ՉԱՓԵՐ

Երեւանի քաղաքապետարանից փոխանցում են, որ  2022թ. համար բյուջետային սահմանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում եւ շուրջ 12500 խմ թափոնների հավաքում ու տեղափոխում:  Այն հարցին, թե տույժ-տուգանք սահմանված է արդյոք տարածքում կամ հենց լճի մեջ աղբ նետելու վերաբերյալ, փոխանցել են, որ տուգանք հիմա էլ կա։ Տարբեր աղբի տեսակների համար տուգանքի չափերը տարբեր են՝ նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկից սկսած մինչեւ 80-ապատիկ։ Նշենք, որ նախորդ տարի լիճը եւս մարքվել է, սակայն մեկ տարի անց այն կրկին աղտոտված է։

 

 

ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ

Կրեմլը դրական է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի՝ խաղաղ պայմանագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու որոշումը. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դրական,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։- Հասկանալի է, որ այդ գործընթացը բավական երկարատեւ է, բայց նման փաստաթղթի ստորագրմանն ուղղված շարժն ինքնին դրական փաստ է եւ ողջունելի է»,- փոխանցել է ՏԱՍՍ-ը։

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 14:38-ին, գրանցվել է հյուսիսային լայնության 41.16? եւ արեւելյան երկայնության 43.97? աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԱՐՁԱԿՈՂԸ՝ ԹԵԿՆԱԾՈՒ

Նախօրեին Նոր Նորքում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով մեքենա էր վնասվել: Երեկ  ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երեւանի բնակիչ, 38-ամյա Մ. Մակարյանը: Նա խոստովանել է, որ երեկ ինքն է Նոր Նորքի վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 2-րդ շենքի բակում իր մոտ եղած բերետատեսակի ատրճանակով կրակել:  Նա պատճառաբանել է, որ կրակել է բակում հավաքված շների ուղղությամբ նրանց հնարավոր հարձակումը կանխելու համար: Նա ներկայացրել է նաեւ ատրճանակը՝ 3 փամփուշտներով: Մակարյանը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, իսկ ատրճանակը նրան պարգեւատրել է Արցախի Հանրապետության նախագահը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նորքում կրակոցներ արձակած անձը 2013 թվականից մինչ օրս հանդիսանում է «Նոր Բայազետ» ՍՊԸ-ի տնօրեն, եւ, դեռ ավելին, նա եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 14-րդ համարը, ռեյտինգային ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում (Նոր Նորք, Քանաքեռ- Զեյթուն, Ավան) առաջադրված թեկնածու:

 

 

ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ

Հայաստանում ոչ միայն սննդամթերքն է թանկացել, այլեւ ոչ պարենային ապրանքները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 4.8, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ՝ 1 տոկոս գնաճ: ՀՀ բոլոր քաղաքներում այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4-1.2 տոկոսով, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երեւանում: Բացի այս, բենզինի շուկայում եւս գնաճ է արձանագրվել: Պաշտոնապես այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի 3.3 եւ 7.6 գնաճ: Այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 25.4 եւ 39.9 տոկոսով: Թռչնամսի եւ գառան մսի շուկայում գնաճ է արձանագրվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ թռչնամսի գինը վերջին շրջանում մոտ 300 դրամով է բարձրացել: Այս օրերին թռչնամսի մեկ կիլոգրամը վաճառվում է ավելի քան 1500 դրամ: Որոշ առեւտրի կետերում այն հասնում է 1600 դրամի: Նկատենք, որ թանկացել է նաեւ գառան միսը՝ մեկ կիլոգրամը հասնելով 4700 դրամի: Ի դեպ, տեղեկացնենք, որ տավարի մսի գինը եւս բարձր է՝ մոտ 3200 դրամ, իսկ խոզի մսի կիլոգրամը հասնում է մինչեւ 3800 դրամի: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարվա մարտին, փետրվարի հետ համեմատ, Հայաստանի վիճակագրական կոմիտեն եւս թռչնամսի շուկայում գնաճ է արձանագրել 1.5 տոկոսի չափով: Գառան մսի գինը բարձրացել է 1.8 տոկոսով, իսկ տավարի միսը պաշտոնապես թանկացել է 1.3 տոկոսով:

 




Լրահոս