ԷԺԱՆ ԳՆՈՎ ՀՈՂԵՐ Է ՕՏԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ. փետրվարի 26-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց 1984թ. ծնված, Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ Դավիթ Սարգսյանը, որը  2021թ. հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան խոշոր համայնքի ավագանու ընտրություններով ձեւավորված ավագանու կողմից ընտրվեց համայնքի ղեկավար։

 

Ն. Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի ընկեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դ. Սարգսյանը որոշումներ է ընդունել, որով համայնքի հողերը շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների,  երբ Դիլիջանի շատ բնակիչներ տուն կառուցելու համար հողամաս չունեն։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ 2022թ. ապրիլի 18-ին Դ. Սարգսյանը որոշում է ընդունել քաղաքացի  Սուրեն Մանուկյանին աճուրդային կարգով հողամաս օտարելու մասին։ Որոշման մեջ  նշված է, որ Դիլիջան  համայնքի ղեկավարի 2022թ. մարտի 18-ի թիվ 149-Ա որոշմամբ 2022թ. ապրիլի 18-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից»  690.9քմ հողամաս, Դիլիջանի Սարալանջի փողոցի թիվ 40/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 4836300 դրամ մեկնարկային գնով, աճուրդում 4836300 դրամ առավելագույն գնով հաղթել է  Երեւանի Կոմիտասի 7/2  շենքի  բնակիչ Սուրեն Մանուկյանը, այդ մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն:

Համայնքի ղեկավարի ապրիլի 18-ի մեկ այլ որոշմամբ  Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող  «Բնակավայրերի հողերից»   Սարալանջի փողոցի 40/1 հասցեում գտնվող  690,8 քառակուսի մետր  հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով օտարվել է Երեւանի Նազարբեկյան փողոցի բնակիչ Իրինա Ալեքսանյանին, որը կայացած աճուրդում հաղթել է 4835600 դրամ գնով։ Ապրիլի 18-ին Դ. Սարգսյանը որոշել է Սարալանջի փողոցի 38/1 հասցեում գտնվող, աճուրդի ներկայացված 690.9 քմ հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով 4836300 դրամով օտարել Երեւանի Վաղարշյան փողոցի բնակիչ Դավիթ Իշխանյանին։

Ապրիլի 18-ին ղեկավարը որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերի աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը եւ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից»  Դիլիջանի Արցախի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 14 հասցեի 10 000 քմ մակերեսով  հողամասը  70 միլիոն դրամով  օտարել «Դիլի տրոպիկ»  ՍՊԸ-ին։  Ինչպե՞ս է ստացվել, որ համայնքի ղեկավարի որոշումների մեջ հողամասերի աճուրդներում մեկնարկային գինը եւ աճուրդով ձեռք բերված գինը նույն թիվն է։ Երեւանի վերոհիշյալ 3 բնակիչները  նույն օրը  աճուրդով նույն գնով  ձեռք են բերել նույն մակերեսով  հողամասեր՝ իրար հարեւանությամբ։ Ինչպե՞ս եղավ, որ բոլոր դեպքում  աճուրդի ժամանակ նույն  թվով (կարելի է կռահել՝ նվազագույնը  2 քայլ) քայլեր արվեցին, եթե աճուրդը ի սկզբանե ձեւական չի եղել։ Դիլիջան քաղաքում բնակելի կառուցապատման  հողերի մեծ մասը նախկինում օտարվել է, ազատ հողեր գրեթե չկան, այդ հողերի մեկ քառակուսի մետրի  շուկայական ամենանվազագույն գինը մոտ  10 հազար դրամ է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԱՀԱԶԱՆԳԵՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ից: Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երեւանի քաղաքապետարանին եւ ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել առ այն, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառվեն նմանօրինակ երեւույթները: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաեւ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների եւ ոչ պետական դպրոցների տնօրեններին:

 

 

6 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում ապրիլի 20-ին կատարվել է 3287 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մեկ օրում առողջացել է 14  հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։ ԱՆ ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 805 դեպք, որոնցից 410 517 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1984 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետեւանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան եւս 1682 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 304 կորոնավիրուսով հիվանդ։ Ընդհանուր կատարվել է 3 026 628 թեստավորում:

 

 

 

ՀՐԴԵՀ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ։

 




Լրահոս