ՖՈՏՈ. Միջազգային գործընկերներին եմ ներկայացրել իմ նախաձեռնած՝ զինծառայողներին վերաբերվող օրենսդրական նախագծեր. Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնում է. «Երեկ Ժնևում տեղի ունեցած «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովում» խորագրով քննարկումների մի մասը վարում էի ես, որի շրջանակներում ներկայացրել եմ զեկույց «Զինված ուժերի անձնակազմում մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները. Վարքագծի կանոնների դերը» թեմայով:
Մեր միջազգային գործընկերներին եմ ներկայացրել իմ նախաձեռնած՝ զինծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացմանն միտված տարբեր օրենսդրական նախագծեր, որոնք, ցավոք, ՀՀ ԱԺ-ում իշխանական մեծամասնության կողմից մերժվել էին:

Մասնավորապես՝ նրանց ուշադրությունն եմ հրավիրել այն օրենսդրական փոփոխությունների վրա, որոնցով առաջարկվում էր ՝ 1.զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը իրականացնել առաջնահերթ և անվճար 2. վարձով բնակվող զինծառայողների խնդիրներն էին կարգավորվում:

Խոսել եմ Զինված ուժերում սպայական անձնակազմի առաջխաղացման հետ կապված խնդրահարույց հարցերի մասին, օրինակ՝ երբ սպաները 10-15 տարի աշխատում են նույն պաշոնում, որևէ բարձրացում տեղի չի ունենում, իսկ նրանք չեն բողոքում միայն այն բանի համար, որ աշխատանքը չկորցնեն: Մտահոգություն եմ հայտնել ՀՀ Զինված ուժերում առկա բռնության դեպքերի համար՝ վկայակոչելով փետրվար ամսին Կապանի զորամասերից մեկում մի քանի օրվա զինծառայողի զորամասից փախչելու դեպքը: Այս համատեքստում կարևորել եմ զինվորական բարեկրթությունը, քանի որ միայն միմյանց պատիվն ու արժանապատվությունը հարգելու, իրավունքի գերակայության երաշխավորման միջոցով է հնարավոր ապահովել բարձր մակարդակի կարգապահություն և զերծ մնալ արատավոր երևույթներից, իսկ բարձր մակարդակի կարգապահության պահպանման համար անհրաժեշտ են ծառայողական բավարար պայմաններ:
Ժնևում միջազգային մեր գործընկերներին հիշեցրել եմ, որ 21-րդ դարում Ադրբեջանում դեռ կան հայ գերիներ, ընդ որում՝ անմխիթար պայմաններում:

Շեշտել եմ, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքը և հրաժարվում կատարել մեր ռազմագերիներին վերադարձնելու՝ միջազգային հանրության առջև իր ստանձնած հանձնառությունները։ Ավելին, Ժնևյան կոնվենցիաներով հստակ սահմանված են ռազմագերիների հետ վարվելակերպի կանոնները, նրանց նկատմամբ բռնության, խոշտանգման, այլ դաժան և անմարդկային վերաբերմունքի և պատժի անթույլատրելիությունը, սակայն, օրինակ, սույն թվականի փետրվարի 7-ին Բաքվի գերությունից վերադարձած շարքային զինծառայող Արթուր Բաբայանի ծնողները ահազանգել էին, որ տղան Ադրբեջանում ֆիզիկական և հոգեբանական անմարդկային վերաբերմունքի, բռնությունների է ենթարկվել և վերականգնման անհրաժեշտություն ունի:
Խոսել եմ նաև Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի մահվան հանգամանքներից 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում:

Միջազգային գործընկերներիս կոչ եմ արել ուշադրության կենտրոնում պահել վերոնշյալ խնդիրները, աջակցել դրանց լուծման ճանապարհին, ինչպես նաև դատապարտել Ադրբեջանի իրավախախտ գործողությունները:




Լրահոս