ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը թողել է վրաերթի վայրը և հեռացել, հետո վերադարձել է. նա ձերբակալված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մահվան ելքով վրաերթի գործով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:

Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է»:




Լրահոս