Որքան ունեցվածք ունի ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել պետական պաշտոնյանների՝ ունեցվածքի, դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրերը: Այս անգամ ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հայտարարագիրը:

Իսկ մինչ այդ, նշենք, որ Քրիստիննե Գրիգորյանը պետական ապարատում դեռ «նախկինների» ժամանակաշրջանից է հայտնվել. նա 2004 թվականից Ազգային ժողովում է աշխատել:

Ծնունդով սեւանցի օմբուդսմենի 2012 թվականի հայտարարագրում նշված է, որ ունի 11 մլն դրամ, 41 հազար դոլար եւ 63 հազար եվրո: Նրա՝ 2013 եւ 2014 թվականների հայտարարագրերում եւս նշված է, որ ունի 11 մլն դրամ, 63 հազար եվրո եւ 41 հազար դոլարի չափով դրամական միջոց:

Ի դեպ, նշված ժամանակահատվածում Քրիստիննե Գրիգորյանն աշխատել է որպես Ազգային ժողովի նախագահի օգնական: Իսկ այդ թվականներին Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրել է ՀՀԿ-ականներ եւ Սամվել Նիկոյանը եւ Հովիկ Աբրահամյանը եւ Գալուստ Սահակյանը: Թեեւ Քրիստիննե Գրիգոյանը 2015, 2016, 2017, 2018 թվականներին պետական պաշտոն է զբաղեցրել, բայց նրա՝ այդ տարիների ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ պաշտոնական հայտարարագրերը բացակայում են: Իսկ 2015-2018թթ․ նա աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում, որպես միջազգային իրավական համագործակցության վարչության պետ:

Մասնագիտությամբ արաբագետ ու իրավագետ Գրիգորյանի 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ ունի բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն: Այն, ի դեպ, 2015 թվականին է գնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Բանկային հաշվին առկա է եղել 1 մլն 791 հազար դրամ գումար, կանխիկ գումարը կազմել է 3.1 մլն դրամ եւ 9000 դոլար: Օմբուդսմենը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձ, որն ընդհանուր կազմել է 9 մլն 769 հազար դրամ: Նշված գումարից 6 մլն 157 հազար դրամը նա ստացել է արդարադատության նախարարությունից, որտեղ աշխատել է որպես նախարարի առաջին տեղակալ: Իսկ 3 մլն 611 հազար դրամը նա ստացել է Ազգային ժողովից, երբ զբաղեցրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնը:

Ի դեպ, 2020 թվականին Գրիգորյանի բանկային հաշվին եղած գումարի չափն ավելացել է՝ 1 մլն 791 հազար դրամից դառնալով 7 մլն 272 հազար դրամ: Իսկ կանխիկ գումարը նույնն է մնացել՝ 3 մլն 100 հազար դրամ եւ 9000 դոլար: Գրիգորյանի ամսական աշխատավարձը կազմել է 981 հազար դրամ: Բացի այս, նա Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ից ստացել է 85 հազար դրամ գումար: Ի դեպ, Գրիգորյանի հարազատների հայտարարագրերը բացակայում են:

Ս.Հ.




Լրահոս