ՖՈՏՈ. «Պոլլի» ֆիլմի պրեմիերան ու հայտնի հյուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին, կայացավ Արտյոմ Հարությունյանի «Պոլլի» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է փոքրիկ տղայի և շան ընկերության մասին։

Ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերը և սցենարի հեղինակն Արտյոմ Հարությունյանն է:

Armlur.am-ը ներկայացնում է հետաքրքիր դրվագներ պրեմիերայից:

«Ֆիլմի գաղափարը ծնվել է տղայիս հետ, սցենարի բոլոր գծերը, դերասանական անձնակազմն ընտրել եմ տղայիս հետ։ Մի խոսքով՝ ամեն բան համաձայնեցրել եմ տղայիս հետ, քանի որ ֆիլմը նախատեսված էր հենց իր տարիքային խմբի համար: Ֆիլմն ունի մի քանի հաղորդագրություն. ամենակարեւորն այն է, որ տղան եւ շունը` Պոլլին, միավորում են ընտանիքը: Բացի այդ` մենք քննադատում ենք Կարմիր գրքում ներառված կենդանիների որսագողությունը»,- լրագրողների հետ զրույցում նշել է ֆիլմի ռեժիսորը:

Ֆիլմում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը,Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արամ Կարախանյանը և այլք:
Սոս Ջանիբեկյանի խոսքով՝ այս ֆիլմի շնորհիվ դեռահասները կհասկանան, որ բարին միշտ հաղթում է:

«Ծանոթացա սցենարին և պարզ դարձավ, որ շատ հետաքրքիր և կարևոր թեմաներ են արծարծվելու ֆիլմում։ Ֆիլմը լավ փոխհարաբերությունների, փոքրիկ տղայի և շան ու առհասարակ այն մասին է, որ բարին միշտ վերջում հաղթում է»,- նշել է դերասանը։

Լուիզա Ներսիսյանն էլ լրագրողներից ասաց, որ ինքը համաձայնվել է այս ֆիլմում նկարահանվել, քանի որ նման ֆիլմերի կարիք դեռահասներն ունեն:
«Կարծում եմ` երեխաներին ճիշտ ուղորդող ֆիլմ է: 21-րդ դարում պատանիներն ու դեռահասներն ավելի հասուն են մտածում, կարծում եմ` ամբողջական մանկական ժանրի տարանջատում չկա հիմա, ու այժմ մեզ պետք են ֆիլմեր, որոնց մեջ կներառվեն նաեւ հասուն թեմաներ, բայց կարեւոր է հասկանալ, թե տվյալ անդրադարձով ուր ես ցանկանում ուղորդել»:

Հավելենք, որ «Պոլլի» ֆիլմի հերոսը՝ Նարեկը, ամեն ինչից ավելի երազում է, որ իր ծնողները միավորվեն ու է՛լ երբեք չբաժանվեն։ Տեխնոլոգիաներով տարված խելացի տղան գտնում է մի իսկական շուն՝ ոտքը վիրավոր: Նա վախից փախչում է: Երեկոյան Նարեկը նկատում է, որ շունն իրենց տան մոտ է: Նա խղճում է շանը, ոտքը վիրակապում ու մորից թաքուն պահում նկուղում: Տղան ու շունն ընկերանում են: Սակայն այս ամենից հետո գյուղում սկսում են տարօրինակ դեպքեր կատարվել…:

Լիդա Եղիազարյան




Լրահոս