ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Տավուշի մարզում

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: ՌԴ քաղաքացի 66-ամյա Նժդեհ Ս.-ն իր վարած Hyundai մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով, Ազատամուտ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հայտնվել բնակչի տան տարածքում եւ բախվել ծառին: Վթարի հետեւանքով վարորդ Նժդեհ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջեւան» բժշկական կենտրոն:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե որոնք են ծննդի պետական գրանցման հիմքերը:

Լարիսա Պետրոսյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ծննդի պետական գրանցման հիմքերն են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին սահմանված ձեւի բժշկական փաստաթուղթը,

2) օտարերկրյա պետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին բժշկական փաստաթուղթը,

3) երեխայի ծննդյան փաստը հաստատող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը,

4) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը,

5) օտարերկրյա պետությունում ծնված անձի՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը եւ ծնունդը հիմնավորող այլ փաստաթղթեր:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծննդի պետական գրանցման՝ ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում։

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Անչափահասին կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ պետք է դիմի կենսաթոշակ նշանակող մարմին:

Լիլիթ Մարկոսյան  (47 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մարկոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն): Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը: 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը:

 

 

 




Լրահոս