ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռցի Տույի գործով կարեւոր վկային հայտնաբերել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, մայիսի 3-ի երեկոյան մայրաքաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկում հայտնաբերել ու քրեական ՔՈԳՎ բերման են ենթարկել առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող 31-ամյա մի տղամարդու։
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցած տարվա դեկտեմբերին՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

2021 թվականի նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգեր էին ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը մահացել էին։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել էին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողները հիշյալ տանը հայտնաբերել էին 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ, նաև՝ 43-ամյա Արթուր Ղազարյանի ու 37-ամյա Արայիկ Խաչատրյանի դիերը։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քանաքեռցի Տույի սպանությունից 3 ամիս է անցել, սակայն նախաքննական մարմինը դեռեւս գրծով կարեւոր վկային չեն հայտնաբերել: Ավելին՝ կալանավորված անձինք էլ գործով ցուցմունք չեն տալիս:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:

Կրակոցներից հետո նախաքննական մարմինը կալանավորել էր սպանված պատգամավորի որդիներին, որոնցից մեկին՝ Հակոբ Սիմոնյանին, օրերս ազատ էր արձակել եւ նրա ազատման հարցը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարանում:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ողջ իրավապահ համակարգը ապշել է, թե ինչու մի չնչին թեմայից առաջացավ այս ամենը ու 4 մարդու ճակատագիր խորտակվեց: Բանն այն է, որ նախաքննական մարմինը ունի հստակ տվյալներ, թե ինչու են հնչել կրակոցները: ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդիներից մեկը հորը պատմել է, որ Տույը եւ իր թիմը պարբերաբար անհանգստացնում են իրեն, նեղացնում են:

Ի դեպ, կրակոցները հնչել էին հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել: Ի դեպ, հայտնաբերված անձը սպանված նախկին պատգամավորի մտերիմներից է:

Ք.Մ.




Լրահոս