Այսօր լրանում է քրեական հեղինակություն «Տույին» և նախկին պատգամավորին կյանքից զրկելու մեկ տարին. ինչ է կատարվում գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ էր սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:

Կրակոցներից հետո նախաքննական մարմինը կալանավորել էր սպանված պատգամավորի որդիներին, որոնցից մեկին՝ Հակոբ Սիմոնյանին, օրերս ազատ են արձակել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ողջ իրավապահ համակարգը ապշել է, թե ինչու մի չնչին թեմայից առաջացավ այս ամենը, ու 4 մարդու ճակատագիր խորտակվեց: Բանն այն է, որ նախաքննական մարմինն ունի հստակ տվյալներ, թե ինչու են հնչել կրակոցները: ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդիներից մեկը հորը պատմել է, որ Տույը եւ իր թիմը պարբերաբար անհանգստացնում են իրեն, նեղացնում են:

Արտյուշ Սիմոնյանը քրեական հեղինակություն Տույին կանչում է իր առանձնատուն, որ հասկանա, թե ինչ կա իր որդիների հետ, ինչու է նա բախվել իր որդիների հետ, կամ հաճախակի որդիներից լսում է, որ քրեական հեղինակությունը նեղացնում է իրենց:

Եվ ահա, նախկին պատգամավորի հրավերով Տույը գնում է Արտյուշ Սիմոնյանի տուն: Նախապես որոշում են տաղավարում նստել, զրուցել, սակայն առատ ձյան պատճառով տաղավարում չեն նստում, ինչից հետո Արթուր Ղազարյանին համոզում են, որ մնա՝ զրուցեն, նա չի ուզում մնալ, հասնում են մեքենաներին, ու հնչում է կրակոցը:

Ի դեպ, կրակոցները հնչել էին հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտյուշ Սիմոնյանը 2003 թվականին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել: Այս գործը դատարանում է ու մեղադրյալի աթոռին են նախկին պատգամավորի որդիները։

Քնար Մանուկյան




Լրահոս