Ահազանգ. «Երևան» տոնավաճառում տաղավարների գները բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան տոնավաճառի տաղավարների վարձավճարները շեշտակի բարձրացել են: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեցին տոնավաճառի առեւտրականները՝ նշելով, որ տաղավարների վարձավճարները թանկացել են 100 տոկոսով: Նրանց պատմելով, եթե տաղավարի մեկ ամսվա համար մեկ քմ-ի համար վճարում էին 6000 դրամ, ապա հիմա այն դարձել է 11000-12000 դրամ:

ArmLur.am-ը այս խնդրի առնչությամբ զանգահարեց ՙԵրեւան տոնավաճառ՚ եւ խնդրեց մեկնաբանել, թե ինչն է տաղավարների վարձավճարների բարձրացման պատճառը: Մեր հարցին ի պատասխան տոնավաճառից փոխանցեցին հետեւյալը. «Տնտեսվարողն ազատ է իր գնային քաղաքականությունը վարելիս: Վարձավճարների կրկնակի բարձրացում տեղի չի ունեցել: Հավանաբար խոսքը գնում է դեռևս մարտ ամսվա վարձավճարների վերանայման որոշման մասին, որն ուժի մեջ է մտել ս.թ. մայիսից: Կախված տաղավարի տեղադիրքից՝ վարձավճարները բարձրացել են ընդամենը 10-20 տոկոսով և ինքնին կրում են պլանային բնույթ: Համաձայն ընկերության քաղաքականության՝ ի սկզբանե տարածքները տրվել են շուկայական արժեքներից զգալի ցածր սակագներով, հնարավորություն տալով տնտեսվարողներին զարգացնել իրենց գործունեությունը: Փաստենք, որ մեզ մոտ գործող ներկայիս վարձավճարները անհամեմատ մատչելի են շուկայում առկա համանման առաջարկներից»:

Ի դեպ, տեղեկացնենք, որ «Երեւան» տոնավաճառը պատկանում է ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանին:

Ս.Հ.




Լրահոս