
Հայաստանի թիմը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկրամարտի 370 կգ արդյունքով հռչկավեց երիտասարդների աշխարհի չեմպիոն:
Պոկում վարժությունը Կարապետյանը պայքարը սկսեց ամենածանր քաշից, երբ բոլոր մասնակիցները գրեթե ավարտել էին մրցելույթները: Առաջին մոտեցմամբ պոկեց 160 կգ, երկրորդով՝ 164 կգ, ապա 170 կգ եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:
Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 190 կգ, երկրորդ մոտեցմամբ հրեց 195 եւ երրորդ՝ 200 կգ: Այս վարժությունում Գարիկ Կարապետյանը բավարարվեց փոքր բրոնզե մեդալով: Երկամարտի 370 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: