Բռնվել են հարսանեկան զգեստը վաճառելիս. Արմավիրի ոստիկանները բնակարանային գողություն են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի ոստիկանները բացահայտել են Արաքս գյուղում կատարված բնակարանային գողությունը. Սարդարապատ գյուղի երկու բնակիչները բռնվել են Արմավիր քաղաքում՝ գողացված հարսանեկան զգեստը վաճառելու պահին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Ապրիլի 7-ից 9-ը Արմավիրի մարզի Արաքս գյուղի մի տնից գողություն էին արել։ Բացել էին տան պատուհանը, մտել ներս ու գողացել հեռուստացույց, կահույք և… հարսանեկան զգեստ։

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ բնակարանային գողությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Օրեր անց ոստիկանները պարզեցին, որ գողությունն արել են Սարդարապատ համայնքի երկու բնակիչ։ Ապրիլի 29-ին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում, գողացած հարսանեկան զգեստը վաճառելու պահին, նրանք բռնվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արմավիրի բաժին։ Սարդարապատ գյուղի 25 և 28 տարեկան բնակիչները ներկայացվել են քննչական մարմնին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքները պարզվում են։




Լրահոս