Այսօր դերասանուհի Լիլի Էլբակյանը նշում է ծննդյան 36-րդ ամյակը: Դերասանուհին ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է օրվա ծրագրերի եւ տարեդարձի օրը աշխատանքային անցկացնելու մասին:
«Վաղ առավոտյան ծնողներս տորթով եւ փուչիկներով շնորհավորեցին, որից հետո եկել եմ աշխատանքի: Այս օրերին շատ զբաղված ենք, քանի որ շուտով նոր պրեմիերա ենք ունենալու: Այսօր պլանավորել եմ անցկացնել աշխատանքային միջավայում, եւ սիրում եմ ծննդյանս օրը, երբ համընկնում է աշխատանքային խիստ գրաֆիկիս հետ եւ կարող եմ բոլորին ասել, որ աշխատանքի եմ»,-կատակում է դերասանուհին:
Անդրադառալով նվերներին եւ անակնկալներին՝ Լիլին մեզ հետ զրույցում ասաց. «Առհասարակ ես ոչ ծննդյանս օրն եմ սիրում, ոչ էլ անակնկալներ, այդ իսկ պատճառով շատ դժվար է ինձ համար նվեր գնելը կամ անակնկալ մատուցելը: Իսկ, երեխաների կողմից նվեր դեռ չեմ ստացել, գիտեմ, որ պատրաստվում են, քանի որ նրանք նկարչության են հաճախում, նկարներ են պատրաստել ինձ համար»:
Դերասանուհին մեզ հետ զրույցում անկեղծանալով ընդգծում է, որ սիրում է տարեդարձն անցկացնել ինքն իր հետ, սիրում է միայնակ քայլել եւ մտածել իր աշխարհի մասին. «Դա իմ ամենասիրած պահն է եւ այսօր հենց այդպես եմ անցկացնելու օրս»:
Լիլի Էլբակյանի խոսքով՝ տարիքն ամենեւին նրան չի անհանգստացնում, քանի որ այդ իմաստով նա ինքն իր հետ նեդաշնակ է:
«Ես իմ տարիքը չեմ զգում, ինքս ինձ հետ այս իմաստով ներդաշնակ եմ: Կարծում եմ ամեն տարիքի հետ մեծանալով եւս մեկ տարով իմաստանում եմ, ուղղակի չեմ սիրում հատուկ ծնունդս նշել, որովհետեւ շատ ուշադրություն իմ անձի նկատմամբ երբեք չեմ սիրել, դեռ մանկուց: Իրականում ես շատ եմ ուշադրությունից նեղվում, դա խանգարում է իմ բնականությանը»,-նշեց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ իր երազանքների մեծ մասր իրականացել են, դրանք ավելի շատ կապված են մասնագիտական աճի, նոր ֆիլմերում նկարահանվելու եւ հայրենիքի հետ.« Ուզում եմ մեր երկրում խաղաղություն լինի, եւ այս խառը վիճակը, որն առկա է մեր երկրում, կարգավորվի. ինձ համար դա ամենամեծ երազանքն է»:
Լիդա Եղիազարյան