Ներկրվող ցեմենտի համար տուրքը կնվազեցվի, կլինկերի համար՝ կհանվի. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հանդես է եկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, որրի ընդունումը, ըստ իշխանական պատգամավորի, պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5 000 դրամով (մեկ տոննայի համար 14 000 դրամի փոխարեն սահմանել 9 000 դրամ), իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել:

Պատգամավորը հիմնավորման մեջ նշում է, թե այսօր գործող տուրքի չափերը այլեւս չեն ապահովում շուկայի հավասարակշռում: «Ներկրվող ցեմենտի տուրքը սահմանվել է 3 տարի առաջ՝ այդ պահին առկա պայմանները եւ գները հաշվի առնելով: 2021 թվականի երկրորդ կիսամյակից սկսած տեղի է ունեցել ելակետային պայմանների փոփոխություն:

Մասնավորապես, իրանական ցեմենտի եւ կլինկերի գինը այդ երկրում աճել է: Ավելացել են ցեմենտի տեղափոխման ծախսերը 2-2.5 հազար դրամով (սահմանից մինչեւ Երեւան եւ հարակից շրջաններ): Իրանում սահմանվել է կլինկերի արտահանման տուրք՝ 1կգ-ի համար 3 դոլարի չափով:

Ներկրվող ցեմենտը դարձել է անմրցունակ եւ սպառվում է միայն Իրանի հետ սահմանակից շրջաններում (տեղափոխման ծախսերի բացակայության շնորհիվ): Դրանից վեր տեղափոխման ծախսը՝ այլ ծախսերի ավելացման եւ տուրքի հետ միասին, զրոյացնում է ներկրվող ցեմենտի մրցակցային հնարավորությունը: Նվազել է նաեւ ներկրվող կլինկերով ցեմենտի արտադրության մրցունակությունը:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ տեղի է ունեցել պետտուրքի սահմանման հիմնական նպատակներից մեկից շեղում, որը տանում է շուկայի կենտրոնացման եւ ցեմենտի գնի աճի: Վերջին ամիսներին արդեն իսկ նկատվում է ցեմենտի մանրածախ եւ մեծածախ գնի աճ՝ 10-15 տոկոսով, իսկ տուրքի չափերը չվերանայելու դեպքում խորանում է ցեմենտի շուկայի հետագա գերկենտրոնացման ռիսկը:

Սա ոչ միայն թանկացնում է մասնավոր կառուցապատումը, այլեւ խնդիրներ է առաջացնում շինարարության ոլորտում արդեն իսկ կայացած պետական մրցույթների հետ կապված (երբ ցեմենտի եւ այլ շինանյութերի թանկացման հետեւանքով իրական ծախսերը շեղվում են նախահաշվային արժեքներից): Բացի այդ, ցեմենտի տուրքի՝ արդյունավետից բարձր մակարդակը ավելացնում է պետական բյուջեի ծախսերը շինարարության գծով, ինչը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով, որ այս տարվա բյուջեով նախատեսվում է իրականացնել աննախադեպ ծավալով՝ 350 մլրդ դրամի կապիտալ ծախսեր», – նշվում է հիմնավորման մեջ:

Նկատենք՝ նախորդ դեպքերում եւս այս օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի հեղինակը հենց Բաբկեն Թունյանն է եղել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս