Ցեմենտի ներկրման համար առաջարկվում է սահմանել 14 հազար, կլինկերի համար՝ 2 հազար դրամ պետական տուրք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց և հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում, Կառավարության հետ քննարկման արդյունքում, նախագիծը լրամշակվել է՝ առաջարկվում է 1 տոննա ցեմենտի ներկրման համար սահմանել 14 հազար դրամ պետական տուրք, 1 տոննա կլինկերի համար՝ 2 հազար դրամ պետական տուրք: Ըստ նախագծի՝ ցեմենտի և կլինկերի արտադրությունը դառնում է լիցենզավորվող:

Նշենք՝ Կառավարությունն առաջարկել էր 1 տոննա ցեմենտի ներմուծման համար սահմանել 25 հազար դրամ տուրք, կլինկերի ներմուծման համար՝ 9 հազար դրամ: Խորհրդարանը դեմ էր և առաջինից երկրորդ ընթերցում ներկայացրել է իր առաջարկները, որոնք գործադիրն ընդունել է:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 8-ից:

Նախագծի քննարկման ընթացքում Բաբկեն Թունյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց՝ ինչո՞վ են պայմանավորված վերջին օրերին հանրապետությունում ցեմենտի դեֆիցիտը և առաջարկի նվազումը: Վահան Քերոբյանը պարզաբանեց, որ խնդիրն առաջացել է «Արարատցեմենտ» գործարանում: «Աղացներից մեկը փչացել էր, և երկու օր գործարանը չի աշխատել, հիմա խնդիրը կարգավորված է, գործարանը նորմալ աշխատում է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:




Լրահոս