ICE Futures բորսայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց աճել է մինչև 1066 դոլար՝ թանկանալով 12%-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով բորսայի տվյալները։
Մայիսի 17-ին գինը նվազագույնը 955 դոլար էր։ Գինը սկսեց բարձրանալ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Ֆինլանդիայի՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու որոշման մասին։
Ավելի վաղ՝ մայիսի 17-ին, ֆիննական Gasum բաշխիչ պետական ընկերությունը հայտարարել էր, որ չի ընդունել գազի վճարման նոր համակարգին անցնելու Ռուսաստանի պահանջը:
Ֆինլանդիան ռուսական բնական գազ է ներկրում ավելի քան 45 տարի։ Վերջին անգամ «Գազպրոմը» և Gasum-ը երկարաձգել են պայմանագիրը 2015 թվականի դեկտեմբերին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը։