ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանաբանական այգին՝ տխուր վիճակում. պակասել է կենդանիների տեսակն ու գլխաքանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի կենդանաբանական այգում 2021 թվականի տարեվերջին առկա է եղել 143 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 769:

Բայց ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2020 թվականի վերջին այգում առկա է եղել 159 տեսակի կենդանի, իսկ կենդանիների գլխաքանակը կազմել է 830: Ասել է թե` մեկ տարվա ընթացքում կենդանիների գլխաքանակը պակասել է 61-ով, իսկ տեսակը` 16-ով:

Ըստ մասնագետների` այս տվյալները խիստ մտահոգիչ են: Փոխարենը կենդանաբանական այգու այցելուների թիվն է զգալի ավելացել. օրինակ` եթե 2020- թվականին այգին ունեցել է 116 հազար 959 այցելու, ապա անցած տարի նրանց թիվը 153 60 է եղել: Բացի այս, նշենք, որ հիմնականում պակասել է կաթնասունների գլխաքանակը` 3-ով, իսկ սողունները 10-ով պակասել են: 2020-ին այգին ունեցել է 96 սմբակավոր կենդանի, 2021-ին` 90: Այսինքն` սմբակավորներն էլ 6-ով են պակասել:

Մեկ տարվա ընթացքում 28-ով պակասել են նաեւ թռչունները: Ձկների քանակը 16-ով է պակասել: Եւ ամենակարեւորը` ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2021-ին անկել է 81 կենդանի, դուրս են տրվել 24-ը, ծնվել է 41-ը, ձեռք բերվել` 8-ը: Սրան զուգահեռ նկատենք, որ այգու ֆինանսական միջոցների մուտքը կազմել է ավելի քան 458 մլն դրամ, իսկ ֆինանսական ծախսերը` 555 մլն 700 հազար դրամ: Այսինքն` ծախսերն ավելի են եղել, քան մուտքերը:

Նշենք, որ Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին շրջանում բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Նախորդ տարվա ընթացքում պարբերաբար տեղեկություններ էին հրապարակում այն մամսին, որ այգում մեծ թվով կենդանիներ են անկում. խոսվեց մուֆլոնի անկման մասին, հետո եղնիկի, վագրի, բացի այս, ասում էին, որ զեբրն է թունավորվել:

Նաև՝ լուրեր շրջանառվեցին այն մասին, որ իբր կենդանիները վատ են սնվում, հիվանդացել են տուբերկուլյոզով: Արդյոք սա իրականություն է, թե ոչ, այս պահին դժվար է ասել, բայց պաշտոնական վիճակագրությունն իր հերթին փաստում է, որ մեկ տարվա ընթացքում և՛ գլխաքանակն է պակասել, և՛ կենդանիների տեսակը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս