Ինչո՞վ են առաջնորդվելու, որպեսզի որոշեն լրագրողին զրկե՞լ հավատարմագրումից, թե՞ ոչ. Սաթիկ Սեյրանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն օր նոր մարտահրավերներ են առաջ բերում մեզ համար: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ եւս մեկ անգամ անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այս նախագծով  իշխանությունը ցանկանում է արագ խնդիր լուծել. «Պարտավոր էին հստակ սահմանել հավատարմագրման հիմքերը, որպեսզի լրագրողի համար իր վարքագիծը կանխատեսելի լինի, և լրագրողն իմանա, թե օրինակ որ դեպքում ինքը կարող է զրկվել հավատարմագրումից, հակառակ դեպքում դաշտը բաց է, և ցանկացած գերատեսչություն կարող է կամայականորեն որոշել և ազատվել ոչ ցանկալի լրագրողներից կամ գլուխներն ազատել անցանկալի հարցերից: Այսինքն՝ պետք է հստակ հիմքերը նշել, թե որ դեպքում ինչ հիմքեր կան և որ դեպքում կարող է զրկվել հավատարմագրումից: Օրենքի որոշակիության պահանջի խնդիր կա, հիմքերը հստակ սահմանված չեն, հետևաբար, եթե հիմքերը չկան, ինչո՞վ են առաջնորդվելու, որպեսզի որոշեն լրագրողին զրկել»:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն և Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:

Այս փոփոխություններով՝ պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով փորձում են լրացնեն օրենսդրական բացը և պետական մարմնին ևս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս