ՀՀԿ-ՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լարված են հարաբերությունները ոչ միայն իշխող կոալիցիայի ներսում՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, այլեւ բուն ՀՀԿ-ում: Այստեղ մշտապես առկա են եղել իրար դեմ հակամարտող տարբեր թեւեր, միայն թե նրանց միջեւ պայքարը գնալով ավելի ցայտուն ու նորանոր դրսեւորումներ է ստանում ընտրություններին ընդառաջ:Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ի ներսում, սկսած 2006թ.-ից, երբ Սերժ Սարգսյանը «հայերեն վատ իմացող» իր ընկերների հետ մտավ ՀՀԿ, առաջացան բաժանումներ հին ու նոր հանրապետականների միջեւ: Այդ բաժանումներն ավելի սրվեցին 2008թ. նախագահի ընտրություններից հետո, երբ ոչ միայն նախագահական նստավայրի, այլ նաեւ ՀՀԿ ներկուսակցական հարցերին միջամտելու իրավունք ստացավ Ս.Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը: Մյուս կողմից տեւական ժամանակ է՝ ՀՀԿ-ի ներսում ներքին հակամարտություն կա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ: Հիմա նրանցից յուրաքանչյուրը փորձում է անուղղակի կերպով ցույց տալ, թե ինքն է վայելում Սերժ Սարգսյանի բարեհաճությունն ու կուսակցության հետ կապված կարեւոր գործերը հենց իրեն են վստահում: Բնականաբար, այդ ամենն ուղեկցվում է մյուսի դեմ հակաքարոզչությամբ: Այս առումով վերջերս բավական ակտիվացել է Տիգրան Սարգսյանը: Նա վերջին շրջանում հաճախ է այցելում մարզեր՝ որպես վարչապետ տեղի խնդիրներին ծանոթանալու համար, եւ որպես կանոն, այդ այցերի ժամանակ նա իր պարտքն է համարում նաեւ հանձնել կուսակցական անդամատոմսեր նորընծա ՀՀԿ-ականներին: Այդպես շաբաթ օրը նա Տավուշի մարզում էր: Ու մարզային շրջագայություններով կարծես փորձում է ցույց տալ, որ թեեւ Հովիկ Աբրահամյանն է ՀՀԿ քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահը եւ մարզային հարցերով համակարգողը, միեւնույն է, ինքն է զբաղվում կուսակցաշինության հարցերով, որ Աբրահամյանին կուսակցության ներսում չեն վստահում ու համարում են ԲՀԿ-ի ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի «մարդը»: Այլ կերպ ասած՝ Տ.Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում ցույց տալու համար, որ Հովիկ Աբրահամյանը կորցրել է դիրքերը ՀՀԿ-ի ներսում, փոխարենը ինքն է դարձել Սերժ Սարգսյանի ամենավստահելի կուսակցական ընկերը: Վարչապետի այս պահվածքը, բնականաբար, հակազդեցություն է ստանում: Նախ՝ ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի թիմն առիթը բաց չի թողնում Տիգրան Սարգսյանի դեմ կուսակցական հավաքներում մի կողմից, մամուլի միջոցով էլ մյուս կողմից դեմարշներ իրականացնելու, տնտեսական համակարգը քննադատելու համար: Կառավարության գործելաոճը պարբերաբար քննադատության է արժանանում նաեւ անձամբ Հովիկ Աբրահամյանի կողմից: Իսկ ԱԺ-ում լրագրողների հետ վերջին ճեպազրույցում Աբրահամյանն ասել էր, թե ինքն է համակարգելու ՀՀԿ-ի՝ մարզերի հետ աշխատանքները: Առավել եւս, որ ժամանակին զբաղեցնելով տարածքային կառավարման նախարարի պաշտոնը՝ Աբրահամյանը լայն ազդեցություն է ունեցել տեղի իշխանությունների վրա, որոնց մեծ մասը, հասկանալի է, որ իրենց կուսակցության անդամները, մարզային պատասխանատուներն են: ՀՀԿ-ում այս ամենից զատ իր ազդեցությունն է փորձում պահպանել նաեւ նախագահականի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որն էլ իր հերթին կողմնակիցների բանակ ունի ՀՀԿ խմբակցությունում ու ՀՀԿ մարզային կառույցներում: Հասկանալի է, որ վերջինս իր ազդեցությունը տարածում է ի հաշիվ մյուս կուսակցականների: Մի խոսքով, ՀՀԿ-ում այսօր բոլորը պայքարում են բոլորի դեմ, իսկ մյուս կողմից՝ նրանք բոլորով պայքարում են կոալիցիոն ԲՀԿ-ի դեմ: Իսկ սա, թերեւս, խոսում է իշխանական դաշտում ճգնաժամի մասին:Ինչեւէ, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, եւ Տիգրան Սարգսյանն այս օրերին բացակայում են Հայաստանից, ուստի նրանցից մեկնաբանություններ ստանալ երեկ չհաջողվեց: Փոխարենը ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ՀՀԿ-ում չկան նման խմորումներ: «ՀՀԿ ներսում չկա հակամարտություն կոչվածը: Եղել են ներկուսակցական խոսակցություններ, ասենք՝ կառավարության հասցեին ԱԺ-ն է քննադատական խոսք հնչեցրել կամ հակառակը: Բայց դա չի նշանակում, որ Հովիկ Աբրահամյանը հակամարտության մեջ է Տիգրան Սարգսյանի հետ»,-մեկնաբանեց Ալեքսանյանը: Իսկ թե ինչու է անձամբ վարչապետը վերջին շրջանում կուսակցական տոմսեր բաժանում, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Քանի որ վարչապետը շատ է այցելում մարզեր, ու հարմար է, որ այդ գործունեությամբ ինքը զբաղվի: Ի վերջո, ինքը նաեւ գործադիր մարմնի անդամ է: Այնտեղ արտառոց բան չկա, դրանով չէ, որ որոշվում է՝ մեկից լիազորություններ են վերցրել, մյուսին տվել: Իսկ Հովիկ Աբրահամյանը քաղաքական հանձնաժողովի նախագահն է, զբաղվում է քաղաքական գաղափարախոսությամբ, մամուլի հետ կապված հարցերով»:Ի դեպ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ անդամատոմս բաժանելը համարում է ընտրակաշառքի յուրահատուկ դրսեւորում: Ըստ նրա, երբ վարչապետն այցելում է մարզեր եւ զուգահեռ որեւէ երիտասարդի խրախուսում է իր աշխատանքի համար ու տալիս ՀՀԿ անդամի տոմս, ապա դա ընտրակաշառք է: «Արդյոք նորմալ է, եթե վարչապետն աշխատանքային այցով այցելում է Գորիս ու անդամատոմս է տալիս։ Պաշտոնական պարտականություններ կատարելիս կուսակցական շահ հետապնդելն օրենքն արգելում է: Նման գործողությունները թաքնված ընտրակաշառք են»,-ասաց Մինասյանը։ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս