Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որը նախօրեին չէր միացել ԱԺ մյուս 4 խմբակցությունների հայտարարությանը, հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում ասվում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ
Ս.թ. մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ԵԽ նախագահի տարածած հայատարարության կապակցությամբ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է.
1. 2020թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ, նույն հայտարարությամբ այն ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը` հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ տեղակայելով խաղաղապահ զորակազմ: Ուստի ռուսական ազդեցության գոտի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը, այդ թվում` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, առանց Ռուսաստանի միջնորդության գործնականում անհեռանկար է և անպտուղ:
2. Հարավային Կովկասի բարդ էթնոքաղաքական հակամարտություններից ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման միակ փաստացի մանդատը կրում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և այս ձևաչափը շրջանցող, հատկապես` հիմնախնդրի նրբություններին խորթ մոտեցումներն անընդունելի են:
Քանի որ Արցախի Հանրապետությունը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված չէ որպես ինքնուրույն սուբյեկտ և նրա անունից բանակցելու իրավունքով հանդես է գալիս Հայաստանը, ուստի ՀՀ իշխանությունները պարտավոր են`
• բանակցային հիմնական սկզբունքների և տարրերի վերաբերյալ ստանալ Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանությունների համաձայնությունը,
• ԼՂ հարցով բանակցություններ վարել կա´մ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կա´մ այլևս նախադեպ ունեցող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում:
Իսկ հարակից միջնորդությունների շահագրգիռ ջանքերը կարող են և պետք է ուղղված լինեն վերոնշյալ ձևաչափերի շրջանակում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը խրախուսելուն և աջակցելուն:
3. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հարցերի, ենթակառուցվածքների ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի, տնտեսական զարգացման հարցերում ԵԽ-ի ակտիվ միջնորդական ջանքերն ուղղված են Ադրբեջանի գազային ներուժի օգտագործմամբ Եվրոպայի` ռուսական կախվածությունից հաղթահարմանը: Նմանօրինակ փոխշահավետ ակնկալիքների համատեքստում ԵԽ-ն չի կարող միջնորդական հավասարկշռություն պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ուստի նրա կողմից ցանկացած միջնորդություն դրսևորվելու է Արցախի անվտանգային համակարգի բաղադրիչների զիջմամբ: Այս մասին վկայում է նաև ԵԽ նախագահի բառապաշարը, ով խուսափում է անգամ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումից:
Անընդունելի և անթույլատրելի են ՀՀ իշխանությունների կողմից որևէ միջազգային հանրույթի կամ միջազգային կազմակերպության` նմանաբովանդակ խոսույթի հանդուրժումն ու ներմուծումը ԼՂ հակամարտության կարգավորման օրակարգ:
4. Ադրբեջանի իշխանությունների` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված համաձայնությունների չկատարումն ու ագրեսիվ հռետորաբանությունը հակադարձ համեմատական են տարբեր միջնորդությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:
ԼՂ հակամարտության համապարփակ և վերջնական լուծումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության հետ հորիզոնական հաղորդակցության, ոչ թե վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ իրականացնելու, տեղեկատվական-հոգեբանական ահաբեկչություն կազմակերպելու, սողացող ագրեսիայի միջավայր ստեղծելու պայմաններում:
«Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է օրախնդիր մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումները չարտացոլող գործողություններից ձեռնպահ մնալու իր հանձնառությունը, ինչի հիմնավորմամբ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հրաժարվել է միանալ ս.թ. մայիսի 24-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարությանը: