Այն, որ Հայաստանի շատ պաշտոնյաներ բանակում չեն ծառայել, վաղուց հայտնի իրողություն է: «Ժողովուրդ»-ը խոստացել էր անդրադառնալ հայոց բանակում չծառայած ԱԺ պատգամավորներին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին` պարզելու, թե ինչու չեն ծառայել, ինչով են զբաղված եղել այդ տարիներին եւ չեն զղջում, որ հայրենիքին մատուցած իրենց ծառայությունը թերի է:Վերոնշյալ հարցադրումներին ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ հարգելի Արմեն Դանիելյանն այսպիսի գրություն է ուղարկել:«Ի պատասխան Ձեր գրավոր հարցմանը` պարզաբանում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը 1998թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2001թ.` ԵՊՀ ասպիրանտուրան: 2001թ. հուլիսի 3-ին պաշտպանել թեկնածուական ատենախոսություն: Միաժամանակ 1999թ.-ից առ այսօր աշխատում է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում:«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (այդ թվում` օրդինատուրա, ինտերնատուրա եւ մագիստրատուրա) ցերեկային ուսուցման ուսանողներին… Նույն հոդվածի 1-ին մասի բ) կետից բխում է, որ ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը տարածվում է նաեւ պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում պետական պատվերով առկա ուսուցմամբ սովորողների վրա:Վերոնշյալ օրենքի 12-րդ հոդվածը հստակ սահմանում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը: Ըստ այդմ` պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող այն քաղաքացին, որը զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ (հոդվ. 12-ի ե) կետ):Յուրաքանչյուր պետություն, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը, ինքն է սահմանում իր պաշտպանական քաղաքականությունը, նաեւ այն, թե որ պարագայում պետք է պարտադիր զինվորական ծառայությունից տրվի տարկետում, իսկ որ դեպքերում էլ քաղաքացին ընդհանրապես պետք է ազատվի ծառայությունից: Ա.Դանիելյանը զբաղվել է գիտությամբ եւ մանկավարժական գործունեությամբ ու գործող օրենսդրությամբ սահմանված կարգով է ազատվել զինվորական ծառայությունից:Գիտական աստիճան ստանալուց հետո Ա.Դանիելյանը շարունակել է զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ` դասավանդելով ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: Ա.Դանիելյանն առ այսօր շարունակում է իր մանկավարժական գործունեությունը` անկախ զբաղեցրած պաշտոններից»:Հ.Գ. Իհարկե, դատախազի տեղակալն օրենքի բոլոր կետերով փորձել է հիմնավորել իր` բանակում չծառայելու հիմքերը, սակայն դա արդարացում չէ: Մարդկանց նկատմամբ քրեական մեղադրանքներ ներկայացնելուց կամ, ինչպես ասում են, «դատելուց» առաջ մարդ պետք է կատարի իր պարտքը պետության հանդեպ:
ՉԻ ԾԱՌԱՅԵԼ, ՊԱՇՏՊԱՆԵԼ Է-2
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ