Հայտնի են «Վարչապետի գավաթի» հեծանվավազքի հաղթողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի երկրորդ մրցաշարը:

Մրցաշարը տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, իսկ մրցատարածությունը ձգվեց 40 կմ:

Մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբով՝ 18-ից 35 տարեկան կանայք (առաջին խումբ) և 18-ից 40 տարեկան տղամարդիկ, ինչպես նաև 36-ից բարձր կանայք և 41 տարեկանից բարձր տղամարդիկ (երկրորդ խումբ): Առաջին խմբի (18-40 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ) լավագույն եռյակում ընդգրկվեցին՝ 1. Պավել Ստեփանյանը, 2. Սերգեյ Պողոսյանը, 3. Անանիա Ոսկանյանը. 1. Նարե Ղարիբյանը, 2.Անի Սարգսյանը, 3. Լիլիթ Հարությունյանը, իսկ երկրորդ խմբի (36-ից բարձր կանայք, 41-ից բարձր տղամարդիկ) լավագույն եռյակում՝ 1. Սամվել Հովհաննիսյանը, 2. Վազգեն Ղուլիջանյանը, 3. Արմեն Գևորգյանը. 1.Ռուզաննա Հովասափյանը, 2. Լիլիթ Արարատյանը, 3. Սեդա Ազատյանը:

Հաղթողներին պարգևատրեցին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

««Վարչապետի գավաթ» մրցաշարն ի սկզբանե մտածված է անցկացնել մեր պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին: Ուզում եմ իսկապես շնորհավորել բոլորիս, քանի որ այս մրցաշարերը կայանում են, և մենք տեսնում ենք, որ ամեն տարի մասնակիցների աճ կա: Բոլոր մրցաշարերը լինելու են ավանդական: Եվ պիտի հույս ունենանք, որ այս մրցաշարերը կնպաստեն, որ մեր երկրում ավելի շատ մարդիկ զբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպը դառնա կենսակերպ: Հեծանվասպորտը կարող է առողջարար այլընտրանք լինել: Մեր նպատակն առողջ ապրելակերպը խթանելն է»-ասաց ՀՀ Վարչապետը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ այս կերպ՝ մասսայական սպորտի միջոցով ձևավորվում է նոր մշակույթ: «Մենք անում ենք հնարավորը, որ առողջ ապրելակերպը ոչ թե ձևական բնույթ կրի, այլ մտնի կենցաղ, որպեսզի մարդիկ քայլեն, որպեսզի հեծանիվ քշեն և պարզապես առողջ ապրեն»,-ասաց Գիլոյանը:

Դրամական մրցանակներ ստացան 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները. 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ, 11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ:

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Այս տարի կազմակերպիչները ստացել են 365 մասնակցության հայտ: Մրցաշարի ընթացքում առաջին անգամ իրականացվեց դոպինգ-ստուգում՝ WADA-ի կանոնների համաձայն: Վերջնարկից հետո երկու տարիքային խմբերում հաղթող մասնակիցները, ինչպես նաև այլ մասնակից վիճակահանությամբ տեղում ենթարկվեցին դոպինգ-ստուգման:




Լրահոս