Կողմերը համաձայնվել են` արտատարածքային պահանջներ չկան. ԵՄ-ն նոր մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Իլհամ Ալիևն ակտիվ շփումների մեջ է, հատկապես Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև֊Միշել եռակողմ հանդիպումից հետո։

Օրինակ Ալիևին երեկ ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Վերահաստատում եմ Ֆրանսիայի անսասան հանձնառությունը խաղաղության համաձայնագրի կնքման, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին», – այս մասին ասվում է Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շնորհավորական ուղերձում։

Իսկ օրեր առաջ էլ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։

Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ «շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ խնդիրների լուծման վրա»։

Կրեմլի փոխանցմամբ՝ Ալիևը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մայիսի 22-ին կայացած հանդիպման մասին։

«Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման փոխադարձ մտադրությունը», – հայտնում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղի մասին ռուսական կողմի հաղորդագրությունում որևէ հիշատակում չկա։

Միևնույն ժամանակ , Եվրամիության խորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյցը այս գիշեր հրապարակած հայտարարությունում նշել է, որ մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, և երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ինֆրակառուցվածքի առնչությամբ: Հակառակի վերաբերյալ շահարկումը ափսոսանք է հարուցում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս