ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխավոր դատախազությունը եւ Ոստիկանությունը ծածկադմփոց արեցին Անահիտ Ավանեսյանի՝ Սանավիացիայով «վոյաժների» գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ ոստիկանությունը ծածկադմփոց արեցին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի սանավիացիայով «վոյաժների» գործը:

Ամիսներ շարունակ ՀՀ ոստիկանությունը իբր ստուգողական գործողություններ իրականացրեց հասկանալու համար, թե կա՞ն քրեական տարրեր նախարարի գոծողությունների մեջ եւ կայացրեց քաղաքական իշխանություններին հաճո որոշում նախարար Ավանեսյանին թողնելով անպատիժ:

Իսկ ինչի մասին է խոսքը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզային իր գործուղումներն իրականացնում է Սանավիացիայի ուղղաթիռով, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին: Այս մասին նախարարը խոստովանել էր նաեւ լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ:

Երկու մարզ՝ Սյունիք եւ Տավուշ, նախարարի այցելությունները իրականացվել են Սանավիացիայի ուղղաթիռով, եւ այցելությունները մեր երկրի բյուջեի վրա արժեցել են տարբեր հաշվարկներով մոտ 2 մլն դրամ: Սակայն սա դեռ ամենը չէ, կան անհերքելի փաստեր, որ դատախազությունը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքների վրա եւ անհապաղ քրեական գործ հարուցի նախարարի գործողությունների մասով:

Խոսենք փաստերով:

Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը դեռես երկու տարի առաջ մանրամասն ներկայացրել էր, թե ինչ իրավիճակներում կարող են քաղաքացիներն օգտվել Սանավիացիայի ծառայություններից:

Ըստ էության՝ նման իրավիճակ չի եղել, որը դրդեր նախարար Ավանեսյանին իրեն թույլ տար սանավիացիայի ծառայություններից օգտվել, ուստի իրավապահները օբյեկտի քննության արդյունքում պետք է հարուցեն քրեական գործ:

Եվ ահա դիմեցինք ոստիկանություն հասկանալու հաար, թե ինչ փուլում է հետաքննությունը: Ի պատասխան մեզ՝ հայտնեցին, թե ստուգման արդյունքները ուղարկվել են Գլխավոր դատախազություն:

Դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից հայտնեցին Դատախազության կողմից հանձնարարվել էր Ոստիկանությանը՝ ստուգողական գործողություններ իրականացնել հրապարակման մեջ նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով: ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում կատարված գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները վկայել են, որ ՀՀ առողջապահության նախարարն ուղղաթիռով ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզեր ուղևորվել է մասնագիտական խմբի հետ միասին, և որ նախարարի այցը գործուղում չի եղել, ՀՀ պետական բյուջեից որևէ գումար չի հատկացվել:

Այսինքն, ստուգողական գործողությունների արդյունքով ի հայտ չեն բերվել քրեական վարույթ հարուցելու բավարար հիմքեր, ինչից ելնելով ստուգման արդյունքները Ոստիկանությունում թողնվել են անհետևանք: Ասել է թե՝ պետբյուջեի հաշվին ուղղաթիռով «վոյաժները» մնացին անպատիժ:

Ստացվում է, որ իրավապահները ի դեմս Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ամեն ինչ արեցին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ջիրց չոր դուրս բերել:

Ք.Մ.




Լրահոս