Երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 292 հաղորդում է ստացվել. Դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ ինչպես հանրապետության մարզերում, այնպես էլ Երևան քաղաքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերն ավելանում են։

Մասնավորապես, եթե 2019թ.-ին ստացվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 204 հաղորդում, 2020թ.-ին՝ 259 հաղորդում, ապա 2021թ.-ին՝ 292 հաղորդում:

Երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններից շարունակում են գերակշռել նրանց ծեծի ենթարկելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու և այլ դեպքերը:

2021թ.-ի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննված՝ 90 քրեական գործ՝ 101 անձի վերաբերյալ:

Նման հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց շուրջ 52%-ը եղել են 18-35 տարեկան, իսկ 40%-ը՝ 35 տարեկանից բարձր տարիքի անձինք: Ընդ որում, կատարված ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների շուրջ 40%-ը կատարվել է այն անձանց կողմից, որոնց վրա, ըստ էության, դրված է երեխաներին դաստիարակելու պարտականություն։

Տարեցտարի նկատվում է անչափահասների կողմից իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների մասին ՀՀ ոստիկանություն ահազանգելու, անձամբ ոստիկանության բաժին ներկայանալու և հաղորդում տալու դեպքերի աճ։ Եթե 2020թ. արձանագրվել է նման ընդամենը 2 դեպք, ապա 2021թ. ընթացքում արձանագրվել է 11 դեպք:

Նշված դեպքերի վերլուծությունը փաստում է, որ մինչև 16 տարեկան երեխաների կողմից իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ահազանգերն առավելապես վերաբերել են նրանց նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությանը՝ գործադրված երեխային դաստիարակելու պարտականություն ունեցող անձանց կողմից։

Գաղտնիք չէ, որ երեխաները հանդիսանում են հասարակության ամենաանպաշտպան և խոցելի խավը, ովքեր իրենց տարիքին, հասունության աստիճանին, անհատական կարիքներին համապատասխան հատուկ պաշտպանության կարիք ունեն: Դրա ապահովման պետության պոզիտիվ պարտականությունների համատեքստում ՀՀ դատախազությունը գործադրում է իրեն վերապահված ամբողջ գործիքակազմը:

Դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքներով խնդիր է դրվել բարձրացնել հետևողականությունը՝ անկախ տարիքից անչափահասների կողմից իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ահազանգները պատշաճ ստուգման ենթարկելու հարցում, մասնավոր մեղադրանքի գործերով, անկախ նրանից տուժողի օրինական ներկայացուցիչը բողոքում է, թե ոչ՝ երեխայի լսվելու իրավունքի իրացումն ապահովելու հարցում։

Անհրաժեշտ է համարվել նաև այն դեպքերով, երբ անչափահասի նկատմամբ ենթադրյալ հանցանք կատարողը նրա ծնողն է կամ երեխայի դաստիարակության պարտականություն ունեցող այլ անձը, պարտադիր քննության առարկա դարձնել վերջիններիս կողմից երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները՝ արժանացնելով դրանք համապատասխան իրավական գնահատականի:

Կարևորվել է նաև ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների նախաձեռնությամբ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու գերատեսչությունների աշխատակիցների մասնակցությամբ կիսամյակային կտրվածքով օպերատիվ խորհրդակցությունների կազմակերպումը՝ քննարկելու տվյալ կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների արձանագրված դեպքերը, դրանց վերաբերյալ պատասխանատու գերատեսչությունների աշխատակիցների կողմից իրենց լիազորություների իրականացման ամբողջականությունը, վեր հանելու հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները, առկա խնդիրները՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար:




Լրահոս